Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։

Որոշման տակ ստորագրել են միայն խորհրդի դատավոր անդամները՝ Մեսրոպ Մակյանը Ռուբեն Վարդազարյանը, Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը

«Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազարյանը։

Ըստ նրա՝ ինքը որևէ գնահատական չի տվել, այլ՝ իր կարծիքն է արտահայտել, իսկ ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ապա չի կարծում, որ կաշկանդված լինել կամ չլինելու վերաբերյալ է հարցը։

Հարցին, թե այս որոշումից հետո կարելի է ասել, որ իր նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվել, Ազարյանը պատասխանեց, որ շատերի կարծիքով իրականացվում է հետապնդում, իր կարծիքով՝ ոչ։ Ինչ վերաբերում է որոշմանը, ապա նա ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ նշելով, որ ինքը ծանոթ չէ որոշմանը, միայն եզրափակիչ որոշումն է ունկնդրել․

«Ես որոշմանը ծանոթ չեմ։ Միայն եզրափակիչ մասն եմ ունկնդրել, որոշումն ինձ այս պահին հասու չէ և ես, կներեք, բայց ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»,- ասաց Ազարյանը։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը.

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ 

Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

Նշենք, որ դատավոր Ազարյանին ի աջակցություն ԲԴԽ նիստին ներկա էին նաեւ մի շարք փաստաբաններ, որոնք ԲԴԽ-ի որոշման հրապարակումից հետո ծափահարություններ հնչեցրին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest