Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստերը չեն կայանում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտք գործելու օրվանից՝ նախորդ տարվա օգոստոսից։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը տարբեր, «ակնհայտ ոչ իրավաչափ պատճառաբանություններով», հրաժարվում է դատարան ներկայացնել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևին:

Այս մասին Forrights-ին ահազանգեց տուժող կողմի իրավահաջորդը՝ Ջուլիետայի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը։ Աղջիկը, գրեթե արտասվելով համոզմունք հայտնեց, որ այս ամենն իրենց «թիկունք չունենալու» արդյունքն է։  

«Ամեն անգամ մի պատճառ կբռնին ու կհետաձգին․ մեկ դատավորը չկա, մեկ՝ դատախազը, մեկ էլ՝ էդի (խոսքը զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի մասին է,- խմբ)։ Ոչ դատ կա, ոչ դատաստան էս քաղաքում, երկրում օրենք չկա, ընկած թույլերին էլ ձեռք մեկնող չկա, տալիս ավելի են քցում։ Երևի ռուսի հետևը մեկը կա կանգնած, կվախնան մի բան էնեն»,- ասում է Անահիտը։

Ռազգիլդեևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից ի վեր նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, վերջինիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել էր վարույթն իրականացնող մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Որոշումն անփոփոխ էր թողնվել նաև դրա դատական կարգով վիճարկելու արդյունքում, որից հետո գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․

«ՀՀ իրավասու մարմինները, փոխանակ միջոցներ ձեռնարկելու մեր օրենսդրության պահանջները պահպանելու և ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, պնդում են, թե նման գործողությունը կհակասի ՌԴ օրենսդրությանը` առանց նշելու, թե կոնկրետ որ իրավանորմին է հակասում այն»,-նշում են տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արայիկ Զալյանը և Հայկ Հակոբյանը։

Նրանք դեռ շաբաթներ առաջ էին դատարանին միջնորդել միջոցներ ձեռնարկել՝ քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։ Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը նախորդող նիստերին գրություն էր ուղարկել դատարան՝ պահանջելով Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնել։ Սակայն, ըստ տուժող կողմի, այդ պահանջը զուրկ է որևէ իրավական և փաստական հիմնավորումից․

«Նման պահանջ առաջ բերելով,, ռուսական բազան՝ հանձինս իր հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, գործում է  ՀՀ-ի որպես ինքնիշխան պետության և նրա Սահմանադրության  պահանջներից դուրս` միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հայ-ռուսական համաձայնագրերի նորմերի պահանջները։ Բացի դրանից, այսպես խաթարվում է գործի քննությունը և դիտավորությամբ չի կատարվում դատարանի օրինական պահանջը»։

Շաբաթներ առաջ՝ մայիսի 13–ին, իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմել էր գործը քննող դատավոր Ղուկասյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ամբաստանյալին դատարան ներկայացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են ձեռնարկվում։ Հարցմանն ի պատասխան՝ տրամադրվել են որոշ դատավարական փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրությունը հաստատում է ՀՔԱՎ դիրքորոշումը, որ հրամանատարությունն ի սկզբանե չի ունեցել ցանկություն Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու և նպատակ է հետապնդում դատավարությունն անցկացնելու հենց ռազմաբազայի տարածքում․

«Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, իսկ դատարանը նման խոչընդոտները վերացնելու կամ բացառելու ուղղությամբ պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Դատարանը, ամբաստանյալի ներկայությունը դատարանում ապահովելու վերաբերյալ «խնդրանքի» փոխարեն, քրեական գործ հարուցելու միջնորդությամբ պետք է դիմեր դատախազին։ Այդ քայլը կդիտվեր և կգնահատվեր որպես համապատասխան միջոցի ձեռնարկում: Այնինչ, դատարանը գործի քննության ամբողջ ընթացքում նման միջնորդությամբ դատախազին չի դիմել»։

Նախորդ նիստին հրամանատարությունը ամբաստանյալին դատարան չներկայացնելու նոր պատճառաբանությամբ է հանդես եկել։ Նրանք, վկայակոչելով կորոնավիրուսի համաճարակը, նշում են, որ դատարան տեղափոխումը և նիստին մասնակցոթյունը կարող է վտանգ ներկայացնել ինչպես ամբաստանյալի, այնպես էլ նրան ուղեկցող անձանց առողջության համար։

Այս հանգամանքն էլ ավելի է վրդովեցրել տուժող կողմինԼ Նրանք Կառավարությունից, Ազգային ժողովից և ՀՀ նախագահից պահանջում են գործադրել Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները վերացնելու  արդարադատությանը իրականացմանը խոչընդոտող գործոնները, ապահովել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ռուսական բազայի հրամանատարի ոտնձգություններից:

Սպանված կնոջ աղջիկն չի տիրապետում նշված իրավակարգավորումներին, միայն ցավով նշում է՝ ցանկանում է օրենքի ողջ ուժով պատժվի այն մարդը, ով իր կյանքից տարել է միակ հարազատին․

«Մորս միակ երեխեն եմ եղել, կյանքից շատ ինձ կսիրեր։ Ճիշտ ա, քյասիբ էինք, բայց աշխարհի երջանիկն էինք․․․ Մի բան էրեք, մի թողեք վիզս ծուռ․․․»։

Դուստրը մինչ օրս ցավով է նշում, որ չի կարողացել վերջին հրաժեշտը տալ մորը․ բժիշկներն ուղղակի արգելել են մտնել հիվանդասենյակ․

«Վերջին րոպեին երեխեն չտեսնի՞ մորը։ Ինչի՞ պետք ա ես կարոտով մնայի, մամաս՝ կարոտով երթար, ինչի՞ համար․․․»։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դաժան ծեծի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից նույն օրը Ղուկասյանը Գյումրու բժշկական կենտրոնում մահացել էր:

Նշված արարքը կատարելու համար Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest