Երևան են հասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 հազար թեստեր՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը կորոնավիրուսի համավարակին:

«Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով», — ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում: — «Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների»:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով երեկ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը Առողջապահության նախարարությանը՝ որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest