Այսօր՝ հունիսի 12-ին ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական վաշտի հրամանատար, ապարանցի կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա այսօր կլիներ 29 տարեկան: Սակայն 2017 թվականի օգոստոսի 20-ին Անդրանիկ Մկրտչյանը սպանվեց Մեղրիի զորամասում, որտեղ ծառայում էր:

«Գնացինք գերեզմանոց, հետ եկանք: Մեզ այս ճանապարհն է մնացել Անդրանիկից, գերեզմանի ճանապարհը», — ասաց կապիտանի մայրը՝ Նարինե Մկրտչյանը: Նա պատմեց, որ այսօր որդու ընկերները իրենց տանն էին: «Խոսում էին, հիշում էին, թե ոնց ա տղաս մենակ թուրքի պոստ գրավել: Ինքը մենակ էր, թուրքերը՝ շատ: Որին՝ զենքով, որին՝ բահով, որին՝ նռնակով: Բա տենց տղեն իրան կսպանե՞ր: Անդոյին վրա են տվել, մի քանի մարդով են հարձակվել ու սպանել: Նա ինքը իրան կրակողը չէր», — մտքերով վերադառնում է մայրը որդու կյանքի այն վերջին խորհրդավոր րոպեներին: 

Անդրանիկ Մկրտչյանի դիակի դատաբժշկական եզրակացությամբ հաստատված է, որ նրա մարմնին եղել են 1-ից 5 օրվա վաղեմություն քերծվածքներ, որոնք առաջացել են  բութ առարկայի ներգործությամբ: Սակայն ըստ դատախազության վարկածի, կապիտանը ընկերուհուն տեսնելուց հետո գնացել է Ագարակի սպայական հանրակացարանի իր սենյակը,  ընկերոջ հետ լոլիկով ձվաձեղ է կերել, հետո գնացել է զորամաս, վերցրել է զենքն ու իր աշխատասենյակ հասնելով կրակել է ծնոտլխի ուղղությամբ: Գրպանում էլ՝ իբր, գրություն են գտել. «Ոչ մեկի պետք չէ մեղադրել ու մեղավորներ փնտրել, ես գիտակցել եմ ինչ եմ արել»:

Այսօր՝ նախաքննության երրորդ տարում, Մկրտչյանի մահվան գաղտնիքը չի բացահայտվել: Քննիչները գործը վարել են քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը», և փակել են ինքնասպանության դրդող անձի անհայտ լինելու հիմքով:  

Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը պահանջել է դատախազությունից վերացնել գործով վարույթի կասեցման որոշումը և կրկին վերսկսել քննությունը և հագուստենրի դատահետքաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություն կատարել, սակայն մերժվել է:

«Քննիչն իր որոշման մեջ չի էլ անդրադարձել իմ դիմումի կասեցումը վերացնելու, վարույթը վերսկսելու մասին կետերին: Այդ մասը չի էլ նկատել, չի էլ կարդացել: Հագուստների փորձաքննություն նշանակելու պահանջը շատ հետաքրքիր ձևով է մերժել՝ գտել է, որ ժամանակին նշանակված է եղել նմանատիպ փորձաքննություն և արյան հետքերը համընկնում են Անդրանիկի հագուստի վրայի արյան հետքերին: Բայց ես ունեի հագուստի մեխանիկական վնասվածքների վերաբեյալ հարցադրում:  Նա ինքն է պատասխնել ինձ, նշելով, որ Անդրանիկի հագուստի արտաքին զննությամբ մեխանիկական վնասվածքներ չունի: Մինչդեռ սա հատուկ մասնագետի հարցեր են, որոնց ինքը իրավասու չէ պատասխանել», — ասում է Խանում Մկրտչյանը:

Նա համոզմունք ունի, որ քննիչն այս գործով չի ուզում աշխատել, որ կապիտանը սպանվել է: «Երկորդ վարկած չի կարող լինել», — ասում է փաստաբանը և ներկայացնում է հանգամանքները, որոնք հերքում են ինքնասպանությունը: Կարճ թվարկենք դրանք:

1. Անդրանիկ Մկրտչյանը վայբեր սոցիալական ցանցի միջոցով իր սիրած աղջկան հաղորդագրություն է ուղարկել, որ կես ժամից կգրի, մինչդեռ, չի գրել, քանի որ իրեն սպանել են:

2․ Դեպքը տեղի է ունեցել կիրակի, իրեն զորամասից պարբերաբար զանգահարել և կանչել են, այնինչ նա  զորամաս պիտի մեկներ երկուշաբթի:

3․ Անդրանիկի հագուստի վրա և նրա ծառայողական բնակարանում հայտնաբերվել են դարչնագույն հետքեր /հնարավոր է, արյան/: Բնակարանի հետքը փորձաքննության չեն ուղարկել և վերացրել են /սա հակասում է քննչական վարկածին, ըստ որի Անդրանիկը մահացել է բնակարանից գնալով զորամաս/:  

4․ Անդրանիկ Մկրտչյանը 2017թ․ մայիսին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանություն է ունեցել, ստացել է կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրան ընկերոջ հետ տարել են ռազմական ոստիկանություն, փորձել են նվաստացնել, սափրելով:

5․ Դեպքի վայրում հայտնաբերված գնդակի վրայից վերցված քսվածքում արյան առկայություն չի հաստատվել, գնդակի վրա ուղեղանյութի բջիջներ չեն հայտնաբերվել: Գնդակը չի անցել Անդրանիկ Մկրտչյանի գլխի միջով:

«Դա նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանին սպանել են, նրան սպանել են այլ զենքով ու այլ վայրում», — եզրակացնում  է  Խանում Մկրտչյանը: Նա բողոք է գրել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին և զինդատախազ Վ. Հարությունյանին, որում ներկայացրել է ինքնասպանության վարկածը հերքող այս բոլոր փաստերը:

 Սյուզան Սիմոնյան   

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest