Ոստիկանների կողմից խոշտանգման գործով քննությունը Վճռաբեկ դատարանը ճանաչել է անարդյունավետ

0
201

Օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով իրականացված քննությունը ճանաչեց անարդյունավետ։ Քրեական պալատն այս անգամ բեկանեց և փոփոխեց առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերականգնել դիմողներ Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի իրավունքները:

Նրանք տուժող էին ճանաչվել դեռ 2017 թվականին, երբ ոստիկանության Ստեփանավանի բաժնում մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգման էին ենթարկվել։

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտը և Գագիկը Ստեփանավանում տաքսի ավտոմեքենայով շարժվելիս են եղել, երբ նրանց է շրջափակել չորս քաղաքացիական մեքենա և կանգրեցրել։ Ավտոմեքենաներից իջել են մոտ 10 տղամարդ, որոնք թեև չեն ներկայացել, սակայն նրանց մոտեցումից հասկացվել է, որ ոստիկանության աշխատակիցներ են։ Վերջիններս ուժով պառկեցրել են Հակոբջանյանին և Կարապետյանին, ապա ձեռնաշղթաներ հագցրել և տարել Ստեփանավանի ոստիկանական բաժին․

«Ձեռնաշղթաները հանելուց հետո, քրեական հետախուզության բաժնի պետ Վ.Հովհաննիսյանը հարցրել է, թե որտեղից է ինքը Գագիկի հետ գողություն կատարել։ Երբ պատասխանել է, որ գողություն չի կատարել, պետն աջ ձեռքով ուժգին ապտակել և հայհոյել է՝ պահանջելով խոստովանել Կարապետյանի հետ գողություն կատարելու հանգամանքը։ Ինքը կրկին պատասխանել է, որ որևէ մեկի հետ գողություն չի կատարել, որից հետո մոտ 5 րոպե տևողությամբ, ընդմիջումներով, աշխատասենյակում գտնվող ոստիկանները սկսել են անկանոն ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ»,- իր տված ցուցմունքում նշել է Ալբերտ Հակոբջանյանը։

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Գագիկ Կարապետյանը, միայն հավելելով, որ աշխատակիցներից մեկն ատրճանակով սպանության սպառնալիք է տվել իրեն։ «Այնուհետև բարձրացել է բաժին, որտեղ իրեն ուղեկցել են պետի տեղակալ Ա.Չթչյանի աշխատասենյակ, ով էլ իր հերթին մեկ անգամ ապտակել է»։

Ամիսներ անց քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել, որը պատճառաբանվել է, իբր՝ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները։ Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաև տուժող կողմի ներկայացուցիչ Անի Չատինյանի բողոքը՝ գործը կարճելու փաստով։

Այս մասով բողոք է ներկայացվել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարան, սակայն, ապարդյուն․

««Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու» որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ բողոքում բերված փաստարկները հիմնավոր չեն, ուստի բողոքը ենթակա է մերժման,- նշվում է առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորման մեջ։ Վերաքննիչն էլ՝ շարունակում է,- գործով իրականացվել են մի շարք քննչական ու դատավարական գործողություններ` արդյունքում կայացնելով օրինական և հիմնավոր որոշում»:

Այնինչ փաստաբան Անի Չատինյանը հակադարձում է՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին հանցագործությունը և մեղավորներին բացահայտելուն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողների իրավունքների և ազատությունների խախտման․

«Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով երկու անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել։ Ստորադաս դատարանների կողմից իրավական գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, թե արդյոք օրինական էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի մուտքը ոստիկանության Տարոնի բաժին: Չի քննարկվել նաև այն հարցը, թե արդյոք նշված անձինք իրավունք ունեին մուտք գործել ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայր»:

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով բերված բողոքի փաստական տվյալների վրա, արձանագրել է՝ ստորադաս դատարանները ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքերի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները։

Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի համատեքստում դատարանները հաշվի չեն առել այն, որ` նախաքննության մարմինը «լուրջ ջանքեր» չի գործադրել հայտնաբերելու և հարցաքննելու ենթադրյալ բռնության գործադրմանն ականատես վկա` տուժողներին ուղեկցող տաքսի ավտոմեքենայի վարորդին այն դեպքում, երբ վերջինիս հայտնած տվյալները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ գործի ելքի համար․

«Նախաքննության մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել անմիջապես մեկուսացնելու և հարցաքննելու ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին։ Արդյունքում, ոստիկանների կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել։

Ըստ գործի փաստական հանգամանքների՝ միևնույն վարչության ոստիկանության աշխատակիցները հիմնականում հարցաքննվել են տարբեր օրերի, ընդ որում` հարկ է նկատել, որ մոտ մեկ տասնյակ ոստիկանության աշխատակիցները 2017 թվականի մայիսի 2-ին քրեական գործ հարուցելուց հետո հարցաքննվել են շուրջ երկու ամսվա ընթացքում, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է ինչպես գործի համար առանցքային նշանակություն ունեցող տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ձեռքբերելու, այնպես էլ հարցաքննվող անձանց միջև հնարավոր համաձայնությունը բացառելու տեսանկյունից»,- նշվում է Վճռաբեկ որոշման մեջ։

Վերոգրյալից ելնելով, Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ շեշտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Փաստացի, դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի իրավունքների խախտումները։

Վճռաբեկ դատարանին զուգահեռ, խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն կատարելու անհրաժեշտությանն անդրադարձ է կատարել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Մասնավորապես, ՄԻՊ-ը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դեմ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, ինչպես նաև խոշտանգման դեպքերի քննության վիճակագրական տվյալները՝ խոշտանգման դեպքերում պետության պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի արդյունավետ քննությունը.

«Ցանկացած երկրի Օմբուդսմանի իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here