ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բարձրագույն սպայակազմին ներկայացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։

Նա շնորհակալության հայտնեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում կատարած աշխատանքի համար. «Այս ընթացքում Զինված ուժերում, իրոք, հսկայածավալ աշխատանք է կատարվել, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, ձևավորվել է մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի»։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին. «Զինված ուժերում նոր մարդ չէ։ Պարոն Դավթյանի նման անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, արդեն բավականին երկար ժամանակ զբաղեցնում էր  Զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետի տեղակալը»։

Նրա խոսքով, զինվորականությունը, որպես խավ, կայացել է Հայաստանում և զինվորականությունը, ըստ էության, այսօր մի մեծ ընտանիք է, որը պետականության ողնաշարի դերն է կատարում, որի առկայությունն ամենակարևոր երաշխիքն է մեր ինքնիշխանության,  պետականության, լինելիության։

«Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, Հայաստանը նույնպես ունի թե ներքին, թե արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված, ուժեղ չեն լինելու, ինչքան այն արտաքին մարտահրավերները։ Եվ այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են։ Հայաստանի կառավարությունը, ոչ միայն այսօրվա, այլ որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել Զինված ուժերի համար իր առջև դրված  խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի համոզված է, որ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ Զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա, տարվա հետ կդառնա ավելի մարտունակ։

«Հայաստանի Զինված ուժերի իմիջը և Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը,  գտնվում է  հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա։ Սա ամենալավ արձանագրումն է, որ մենք կարող ենք անել։ Մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվանզ էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին, և մենք սկսել ենք այդ գործընթացը։ Մենք պետք է արձագագրենք հետևյալը, որ զինվորականությունը պետք է մշտապես փոփոխություն զգա իր կյանքում։

Հայաստանում ինչպես բոլոր քաղաքացիները, բայց առավել ևս զինվորականները, պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնաիշխանության, պետականության ողանաշարն են։ Հայաստանը, կառավարությունը, հանրությունը պետք է հոգ տանի սրա մասին, որովհետև Զինված ուժերի և զինվորականության ինքնազգացողությունը ամենակարևոր  հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան։ Համոզված եմ, որ Հաաստանում կա բավական կամք, ներուժ, ընկալում այս խնդիրը  լուծելու համար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest