Ե՞րբ և որքա՞ն կավելանա Ձեր բնակարանի կամ առանձնատան գույքահարկի դրույքաչափը

0
373

Մայիսի 27-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծը, որով առաջարկվում է  գույքահարկի դրույքաչափը բարձրացնել։

Խոսելով այս մասին՝  Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նշեց․ «Գույքահարկն առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ»։ Վարչապետի հավաստիացմամբ՝  կան դղյակներ, որոնց գույքահարկն այժմ 800 հազար դրամ   է, բայց օրենքի փոփոխությունից հետո այն կկազմի 15 մլն դրամ: Առաջիկայում նախագիծը կներառվի ԱԺ նիստերի օրակարգում։

Ընդգծենք, որ գործող օրենքի համաձայն՝  մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում։  Հայաստանում կա մոտ 275 հազար  բնակարան, որի կադաստրային արժեքը 3 մլն դրամից ցածր է, ուստի դրանք սեփականատերերը գույքահարկ չեն վճարում։  Իսկ նոր նախագծով սահմանվում է՝  չհարկվող անշարժ գույք այլևս գոյություն չի ունենա,  2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը հաշվարկվելու է տվյալ գույքի  այլ շուկայականին մոտարկված արժեքի,  ոչ թե կադաստրային արժեքի հիվան վրա, ինչպես արվում է այժմ՝ գործող օրենքի համաձայն։  Նոր նախագծով սահմանվում է՝ անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու է Կադաստրի կոմիտեն։  

Forrights.am-ի  հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց՝  մեր երկրում Կադաստրի կոմիտեն չունի բավարար  վստահություն՝ շուկայական արժեք որոշելու համար, բացի այդ՝ այս պարագայում կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջանալ։ Այժմ անշարժ գույքի հարկը հաշվարկվում է տվյալ գույքի կադաստրային արժեքի հիման վրա։ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանում անշարժ գույքի շուկայական արժեքը երբեմն  2-3 անգամ ավելի թանկ է լինում կադաստրային արժեքից։

Օրենքի նոր նախագծի համաձայն՝ անշարժ գույքը բաժանվում է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ և անհատական բնակելի տներ։ Այս երկու խմբերից յուրաքանչյուրն  ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, այնքան ավելի  շատ գույքահարկ Է գանձվելու։

Օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար՝ տարեցտարի․  2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի հիման վրա հաշվարկված գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023-ին՝ 75-ը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից: Գործող օրենքի և առաջարկվող նոր նախագծում ներկայացված՝ անշարժ գույքի դրույքաչափերի տարբերությունը պատկերացնելու համար ներկայացնենք

Նոր նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝  Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան (0.1  տոկոս): Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ կենսամակարդակները շատ կարևոր են երկրների միջև նման  համեմատություն անցկացնելու համար, իսկ այս դեպքում պարզ է, որ  Հայաստանի ու վերոնշյալ երկրների կենսամակարդակները համեմատելի չեն։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Forrights-ի հետ զրույցում նշեց՝ այս փուլում մշակվում են այնպիսի օրենսդրական նախագծեր, որոնք միտված են մեր երկրի քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելուն, ավելին՝ նրա խոսքով՝ այս իշխանության գործուն ջանքերով քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավվել է։ Պատգամավորը հիշեցրեց՝ գույքահարկի դրույքաչափերը բարձրանալու են աստիճանաբար, ուստի, ըստ նրա, չի կարելի պնդել, թե սա սոցիալական բեռի ավելացման պատճառ կդառնա։

Նա ասում է՝ եթե կորոնավիրուսը չլիներ, Հայաստանը երկնիշ տնտեսական աճ կունենար, 10-15 տոկոսով կբարձրանային աշխատավարձերը և կենսաթոշակները։ «Այս տարի չբարձրացրինք, բայց,  ոչինչ, եկող տարի կբարձրացնենք։ Մենք չենք ուտում, չենք գողանում»,- նշեց  իշխանական պատգամավորը։

Գույքահարկի մասին օրենքի փոփոխության նախագծի ընդունվելու դեպքում օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականին, իսկ այդ տարում ընտրություն է լինելու, այնպես որ,  քաղաքացիներն իրենց քվեով  որոշում կկայացեն։ Ըստ Պապոյանի  530 հազար սեփականատեր ավելի  ցածր դրույքաչափով գույքահարկեր կվճարի, ու դա պետք է արձանագրել։

Պաշտոնական տվյալներով ՝ 2019 թվականին Հայաստանը շրջանցել է Վրաստանին։ Ստացում է՝ եթե Վրաստանի քաղաքացիները կարողանում են ավելի բարձր դրույքաչափով անշարժ գույքի հարկ վճարել, ՀՀ քաղաքացիներն  էլ կկարողանան։ Իսկ թե իրականում որքանով է բարելավվել կամ, առհասարակ,  բարելավվե՞լ է արդյոք ՀՀ քաղաքացիների կյանքի որակը․․․ այս հարցի պատասխանը  գիտեն իրենք ՝ քաղաքացիները։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը համաձայն չէ իշխանության ներկայացուցիչների հնչեցրած  պնդումներին, թե 2018 թվականից հետո քաղաքացիներն ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում։ Աննա Կոստանյանի խոսքով՝  այս հարցում աձանձնապես ոչինչ չի փոխվել, հետևաբար՝ քաղաքացիները սոցիալապես պատրաստ չեն ավելի բարձր դրույքաչափերով գույքահարկ վճարել։

«Կառավարությունը կորոնավիրուսի տարածումից հետո իրականացրեց սոցիալական աջակցության  ծրագրեր, և գոնե դրանից հետո Կառավարության անդամները պիտի եզարահանգում անեին, որ  քաղաքացիներն այսօր սոցիալական աջակցության կարիք ունեն, և պետք չէ  հավելյալ մտնել քաղաքացիների գրպանները», — նշեց Աննա Կոստանյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վստահ է՝ գույքահարկի դրույքաչափերի բարձրացումը բացասական ազդեցություն կունենա  հատկապես սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ու միջին խավի վրա։

«Հարուստների ունեցվածքի հետ կապված՝ թո՛ղ բարձրացվեն դրույքաչափերը,  թո՛ղ ինչ-որ  բարձր շեմ սահմանվեր, որ միայն թանկարժեք ու շքեղ  անշարժ գույքի դեպքում բարձրացվեին դրույքաչափերը, բայց այս նախագիծն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ այդ օրենքը հարվածելու է սոցիալական խնդիրներ ունեցող խավին։», —  եզրափակեց պատգամավոր Արման Աբովյանը։

Հասմիկ Բալեյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here