«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բաց ռեժիմում գտնվող վեց դատապարտյալ այսօր չի կարողացել աշխատանքի ներկայանալ, ինչը գործատուի հետ մի շարք խնդիրներ է առաջացրել։ Պատճառն այն է, որ ՔԿՀ-ում չեն թույլատրել լքել հիմնարկի տարածքը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառաբանությամբ։

Բաբկեն Ղարդյանն այդ դատապարտյալներից մեկն է, ով ուրբաթ օրն է վերադարձել օրենքով հատկացված արձակուրդից։ Նրա խոսքով՝ իրենց աշխատանքը դադարեցնելու մասին պարետի որոշում չկա, ուստի հիմնարկի սահմանափակումն անօրինական է․

«Ասում ենք՝ թուղթ տվեք, որ թույլ չեք տալիս աշխատանքի ներկայանալ ու մեր բացակայությունը հարգելի ա, չեն տալիս։ Մենք էլ գործատուի հետ պայմանագիր ունենք ու էս պահին խախտում ենք։ Բացի դրանից, չենք աշխատում, հետևաբար աշխատավարձ չեն տալիս, բա ո՞նց ենք ապրելու, մեր վարկերն ո՞վ ա տալու»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովվմունք է արտահայտում Բաբկենը։

Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից ի վեր մի խումբ դատապարտյալների հիմնարկը տարեկան 6 անգամ հասանելիք արձակուրդն է ձևակերպել, որն այսօր սպառվել է։ Նրանց դիտարկմամբ՝ ՔԿՀ-ն ինքն է շահագրգռված եղել, որ իրենք հիմնարկում չմնան, քանի որ դեռ նախորդ ամսին «Վարդաշեն»-ի հինգ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Բաբկենը պնդում է՝ հիմնարկում վարակվելու հավանականությունը մի քանի անգամ ավելի մեծ է․

«Հինարկում չեն պահպանվում վիրուսի դեմ հիգենիկ պայմանները։ Մեզ չի տրամադրվում դիմակ կամ ախտահանիչ միջոց։ Երեկ իմ պահանջով են եկել ու կացարանն ախտահանել։ Եթե իրենք չեն պահպանում, էլ ինչո՞ւ թույլ չեն տալիս մենք ինքներս մեզ համար պաշտպանիչ միջոցառումներ ստեղծենք»։

Խնդրի լուծման համար դատապարտյալներն առաջարկում են կարևոր կանխարգելիչ միջոցառում ձեռնարկել՝ երկարեցնել տարեկան վեց անգամ տրվող արձակուրդը։ Այս մասին Բաբկենը ֆեյսբուքյան նամակ է գրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Ցույց տալով այն, դատապարտյալը մատնանշում է՝  նախարարը կարդացել է նամակը, սակայն որևէ պատասխան չի տվել։

«Ես բազմիցս եմ դիմել նախարարին, որոնցից մեծ մասին ընթացք տրվել ա, ինչի համար շնորհակալ եմ պարոն Բադասյանին։ Հիմա շատ կարևոր և մեր առողջության համար վտանգավոր խնդիր ա ստեղծվել, որին շատ արագ պետք ա լուծում տալ։ Խնդրում ենք երկարացնել արձակուրդի չափը, որ կարողանանք աշխատանքի գնալ»,- նախարարին է դիմում Բաբկենը՝ մի խումբ դատապարտյալների անունից։։

Forrights-ի հարցմանն ի պատասխան ԱՆ  մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն ընդգծեց, որ Արդարադատունախարարությունը շարժվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքով և ներկայում դրանից բխող՝ ՔԿՀ-ներին վերաբերող կարգավորումներում որևէ փոփոխություն անելու նախաձեռնություն  չունի․

«Անդրադառնալով բաց ռեժիմում գտնվող դատապարտյալի՝ գործատուի հետ ի հայտ եկած խնդիրներին, ապա այդ հարցերը  կարգավորվում են ոչ թե քրեակատարողական ոլորտի օրենսդրությամբ, այլ Աշխատանքային օրենսգրքով»,- նշում է Մարտիրոսյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համար այս ամենը տարօրինակ է։ Նրա դիտարկմամբ՝ հիմնարկն ինքը պետք է տեղեկանք տրամադրի դատապարտյալին, որ վերջինս ներկայացնի գործատուին և հարգելի համարվի բացակայությունը․

«Գործատուի համար այդ տեղեկանքը կարող է հիմք հանդիսանալ, որ աշխատանքից չազատի անձին։ Չներկայանալն այդ դեպքում աշխատակցի մեղքը չէ, դա ուղղակի անհաղթահարելի արգելք է, որն անկախ իր կամքից է առաջացել։ Եթե քրեակատարողական հիմնակը սահմանափակում է կիրառում, դա պետք է անի որևէ իրավական ակտի հիման վրա։ Սա աշխատանքային օրենսգրքի հարցը չէ»,-շեշտում է փաստաբանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest