Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ` ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։

Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում։

Քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,-գրել է նա:

ՄԻՊ-ը ևս անդրադարձել է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելուն․

«Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են:

Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը:

Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest