«Ոստիկանությունը բաց, թափանցիկ ներկայացնում է իր կատարած աշխատանքները՝ թե՛ լավը, թե՛ վատը»

0
46

2019 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8 տոկոսով, կամ 2172 դեպքով։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ 2018 թվականին արձանագրվել է 24 հազար 678 դեպք, իսկ 2019 թվականին՝ 26 հազար 850 դեպք։ Ոստիկանապետի խոսքով՝ սա գլխավորապես պայմանավորված է գողություններովի թվի աճով, որոնց աճը կազմել է 1881 դեպք՝ հատկապես ոչ մեծ ծանրության։

Էականորեն կրճատվել է հանցագործությունների աճի տեմպը՝ մոտ 4 անգամ։ Եթե 2019 թվականին հունվար ամսին այն կազմել է 35,3 տոկոս, ապա տարված աշխատանքների արդյունքում այն կազմել է 8,8 տոկոս։

«Դեպքերի աճը կարող ենք պայմանավորել նաև այն հանգամանքով, որ քաղաքացիները 2019 թվականին ցուցաբերել են բավականին ակտիվություն։ Եթե 2018 թվականին քաղաքացիների կողմից ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն ավելացել է 42 հազար 882-ով կամ 21,1 տոկոսով, կազմելով՝ 246 հազար 421 հաղորդում»,-ասաց ՀՀ ոստիկանապետը։

Նա վստահեցրեց, որ այսօր թվային ցուցանիշների «նկարչություն» այլևս գոյություն չունի։ Ոստիկանությունը բաց, թափանցիկ, պատրաստ քննադատություններին, ներկայացնում է իր կատարած աշխատանքները՝ թե՛ լավը, թե՛ վատը։

Ոստիկանապետի խոսքով, 2019 թվականին նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով իրականացված օպերատիվ հետախոսւզական և քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված մոտ 497․5 մլրդ դրամի վնաս, 6 մլն ՌԴ ռուբլու, և 7,3 մլն դոլարի և 5 հազար եվրոյի համապատասխանաբար վնաս։

Միաժամանակ լրացուցիչ ձեռնարկված միջոցառումների ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ 652 մլն դրամ, սա միայն ոստիկանությունում նյութեր նախապատրաստվելու ընթացքում։

Հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց Ոստիկանապետից, թե որքան օրինաչափ է, երբ ոստիկանության աշխատակիցը դիմակ չդնելու պահանջին ընդդիմացող քաղաքացուն գետնին է գցում, այն դեպքում երբ վերջինս համաձայն էր իրենց հետ բաժին գնալ․

«Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց ես շատ իրավաչափ եմ համարում դրանք։ Ոստիկանները քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները։ Այն քաղաքացին, որը համակեցության կանոնների դեմ փորձում է ընդվզել և, ոստիկանին հրահրելով, ներքաշել ինչ-որ բաների մեջ, ապա, կներեք, բայց ոստիկանները ճիշտ են անում»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` եթե նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի անմեղ մարդու պատիվը նսեմացնելու համար:

Սարգսյանը նշեց, որ ոստիկանն ունի ուժ կիրառելու լիազորություն, և որտեղ համարեն, որ պետք է ուժ կիրառել, այդ քայլին էլ պետք է դիմեն։ Նրա խոսքով մարդիկ երկու ծայրահեղության մեջ են ընկում. երբ ոստիկանությունն ուժ չի կիրառում, ասում են` փափուկ խաղալիք եք, իսկ երբ կիրառում են, դա բռնություն են որակում։

ՄԻՊ-ը ևս անդրադարձել էր վերոնշյալ դեպքին, հայտարարելով, որ օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է․

« Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով: Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here