«Մենք հաղորդակցման սխալ ռազմավարություն ենք ունեցել: Սկզբից և մինչև հիմա հակասական հայտարարություններ ենք անում». համաճարակաբան

0
538

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը 2019 թվականին ՀՀ նախագահի մրցանակը ստացող գործիչներից էր: Հետագայում, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշեց վերացնել այս կենտրոնը, այն միացնելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, Պապոյանը, ի թիվս կենտրոնի 80 աշխատակիցների համախմբված, ի նշան բողոքի ազատման դիմում գրեց: Այսօր կորոնավիրուսի դեմ առողջապահության նախարարության կողմից տարվող պայքարին նա հետևում է դրսից: Forrights.am-ի հետ համաճարակաբանը կիսեց իր տպավորությունը:

«Երբ որ ես լսում եմ, որպաշտոնյաները բրիֆինգների ժամանակ ասում են՝ ռեանիմացիայում 90-95 տոկոսը զբաղված է, էսքան մահճակալ է մնում, էսքան վատ է վիճակը, ինձ որպես բնակչի, ի՞նչ են ասում դրանով: Որ ես գնամ, հե՞րթ կանգնեմ: Դու պետք է ստեղծես ավելի շատ հիվանդատեղեր, դա քաղաքացու խնդիրը չէ, պետք չէ նրան վախեցնել»:

Համաճարակաբանը համեմատում է ներկայիս իրավիճակը պատերազմի հետ: «Ես չեմ հիշում, որ արցախյան պատերազմի ժամանակ որևէ մեկը ասեր՝ մենք հիվանդներին սորտավորում ենք, չենք հասցնում վիրահատել: Կռիվ է, իհարկե, ամեն ինչ էլ լինում է, բայց ես որքան հիշում եմ, լրատվականներով եղել են հայտարարություններ, որ ունենք այսպիսի հաջողությունները, նրանց կողմից էլ այսքան զոհ, ու վերջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք, ոչ թե՝ մնաց այսքան հիվանդատեղ, եթե դիմակ չկրեք, կմեծացնենք տուգանքը, և այլն: Չի կարելի մարդկանց վախեցնելով, փորձել հասնել հաջողության»: 

 Արշակ Պապոյանին տվեցինք ակտուալ հարցեր, որոնք այս օրերին քննարկում ենք համացանցում, մամուլում, մասնավոր զրույցներում:  

— Այսօր ամենուրեք լսում ենք դիմակի մասին: Կարծես դիմակը լինի հիմնական ու միակ միջոցը կորոնավիրուսի դեմ պայքարում: Արդյո՞ք ճիշտ է, որ կառավարությունը բոլոր միջոցներից շեշտը դնում է հենց դիմակի վրա, երևի, մեկ էլ ձեռնոցների:

— Իհարկե, չի կարելի միայն դրա վրա շեշտը դնել: Համաճարակը կանխելու համար ավելի լայնածավալ գործողություններ էր պետք իրականացնել հենց սկզբից, որպեսզի չհասնենք այս իրավիճակին:

— Փաստացի հասել ենք արդեն՝ ծանր և ծայրահեղ ծանր 500 հիվանդ, օրական 250-450 նոր դեպք, մոտ 10 հազար հաստատված, 139 մահ: Հիմա ի՞նչ անենք:

—  Ամենավատն այն է, որ առողջապահության նախարարությունը չի ուզոււմ ընդունել իր սխալները: Եթե մարդը ընդուներ իր սխալները և ասեր՝ լավ, եկեք տեսնենք, ինչ մասնագետներ կան, հավաքվենք, խոսենք, դա կլինի կառուցողական: Բայց եթե դա չեն ընդունում, այլ հակառակը, դեռ մի բան էլ,  որ գրում ես, կողքից հազարավորներն իրենց բանակից սկսում են հարձակվել, թե բոլոր երկրներում էլ այդպես է: Ճիշտ չեն ասում: Նախարարը մեզ համեմատում է Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ հետ, բայց եկեք համեմատվենք ավելի փոքր, մեր չափի երկրների հետ, որտեղ հասել են մի շարք հաջողությունների ու գոնե այս փուլում: Նույն Թայվանի, Վրաստանի օրինակը, որտեղ վարակը դարձել է կառավարելի: Վրաստանում անգամ խոսում են տուրիզմի բիզնեսը վերականգնելու  մասին: Իրոք, շատ երկրներ Վրաստանը համարում են կորոնավիրուսի տեսակետից ամենաանվտանգ զոնաներից մեկը:

— Լավ, ո՞րն է մեր սխալը: Այս օրերին շատերն են արտահայտվել, ձեր կարծիքը ո՞րն է:

— Մենք հաղորդակցման սխալ ռազմավարություն ենք ունեցել: Հենց սկզբից և մինչև հիմա մենք հակասական հայտարարություններ ենք անում: Ասում են՝ թեթև հիվանդութուն է, գրիպի նման, ասում են՝ դիմակը պետք չի, որովհետև չի պաշտպանում, հետո էլ ասում են՝ չէ, պետք է, բոլորը պետք է կրեն, քիչ է մնում պահանջեն, որ տներում էլ կրեն: Սա բերում  է նրան, որ մարդկանց մոտ ձևավորվում է համաճարակի նկատմամբ սխալ վերաբերմունք: Իհարկե, չի կարելի գցել պատասխանատվությունը բնակիչների վրա: Պետք է փորձես ժողովրդին դարձնել քո պայքարի մասնակիցը, բայց դրա համար պետք է ժողովրդի հետ խոսեն նրա կողմից հարգված բժիշկներ, մասնագետներ, որոնք կտան ճիշտ տեղեկատվություն, ճիշտ ուղերձ, որպեսզի մարդու համար ընդունելի լինի: Էլ չեմ ասում, որ համաճարակաբանական հսկողությունը ձախողել են՝ կոնտակտների հսկողություն, հետազոտություն, և այլն: Որևէ մեկը չգիտի անգամ, որքան մինի-օջախներ ունենք, որտեղից վարակը անընդհատ տարածվում է:

— Իրենք ասում են, որ այլևս կոնտակտնտերով վարակի տարածմանը հետևելն անհնար է, անվերահսկելի են այդ թելերը:

— Եթե չեն կարողանում  վերահսկել, ապա պետք է հեռանան: Պետք է լինի մարդ, որը կարող է համախմբել բժշկական համայնքը իր շուրջ: Այս պահի դրությամբ, մենք ամեն օր գնում ենք վատացման, դեպքերը շատացնում ենք: Այսօր մոտ 240 դեպք է եղել, բայց ընդամենը 600 հետազոտություն են արել: Դա նշանակում է, որ հետազոտել են միայն այն մարդկանց, որոնց մոտ եղել է արդեն կլինիկական նշաններ, բայց չէ՞ որ կան շատ մարդիկ, որոնք ուզում են հետազոտվել, որոնք շփվել են հիվանդների հետ ու ուզում են թեստ հանձնել: Նրանց մենք ասում ենք՝ դու դեռ սպասի, կլինի ջերմություն, նոր քեզ կնայենք: Բայց էդ ժամանակ նրա վիճակը արդեն կծանրանա: Մինչև նա հայտնի չէ, թե ինչ վիճակում նա կհասնի հիվանդանոց: Դրա համար մարդկանց մոտ տպավորություն է, որ առողջապահական համակարգը ոչ ադեկվատ է արձագանքում իրավիճակին: Մենք հասանք նրան, որ բոլոր կենտրոնները, որոնք հատկացված էին «կորոնային», լցվեցին, հետո էլ մի օրվա մեջ հայտարարեցինք, որ հիվանդներին տալիս ենք ընտանեկան բժիշկներին: Նրանց ասեցինք՝ վաղվանից դուք եք վարում հիվանդներին, բայց էդ մարդիկ դրան պատրաստվելու ժամանակ չունեցան:

— Մեր պոլիկլինիկաները պատրա՞ստ են այդ հիվանդներին վարելուն:

— Ոչ: Մեր պոլիկլինիկաների աշխատողների մեծ մասը ամեն դեպքում տարիքով մեծ են: Երիտասարդ կադրեր այնտեղ մենք քիչ ունենք, ի տարբերություն հիվանդանոցների: Հատկապես մարզերում տարեց բժիշկների թվաքանակն ավելի  մեծ է, և այդ բողոքները բնական են, ոչ մեկին մեղադրելու չի: Մարդուն հիվանդ վիճակում դուրս գրելուց հետո պետք է այնպես դուրս գրես, որ ինքը չիմանա, թե ինքը անտեր է, հասկանա, որ իր առողջությամբ զբաղվող կա: Մարդիկ այսօր վախենում են, որովհետև ամեն օր բոլոր ալիքներով ասում են, որ ինքը կարող է մեռնել, հետո էլ արդեն հիվանդ վիճակում ուղարկում են տուն: Նա էլ մտածում է, որ եթե մի բան պատահի, եթե վատանա, իրենով չեն զբաղվի: Նա պետք է ունենա բժիշկ, որը 24 ժամ իր համար հասանելի լինի: Եւ այս աշխատանքը նույնպես տապալված է: Մարդը չունի այդ զգացողությունը: Սա հետևանք է նրա, որ  մենք համակարգված գործողություններ չենք անում: Մենք պահի տակ որոշումներ ենք կայացնում ու առանց նախապատրաստվելու սկսում ենք իրականացնել: Այսօր չկան վարակի դեմ պայքարելու միասնական, մտածված քայլեր, մասնագիտական քննարկումների արդյուքնում ծնված որոշումներ ու գործողություններ: 

— Մի քանի մասնագիտական հարց տամ: Վրաստանի մասին խոսեցինք, այնտեղ փողոցներն այնպես են լվանում, քիչ է մնում շենքերն ու ծառերը ջրի հոսանքը տանի: Մեզ մոտ չեն լվանում: Լվանալը դեր կատարու՞մ է:

— ԱԻՆ-ը մի քանի խոշոր կենտրոնների բակերը, տեսել եմ, դեզինֆեկցիա է անում, բայց դա վիրուսի հետ կապ չունեցող բան է: Դա անիմաստ գործողություն է: Եթե սա այնպիսի վիրուս լիներ, որը արտաքին միջավայրում մնում է, հավատացեք, մենք բոլորս հիվանդ կլինեինք: Պետք է ճիշտ տեղեկատվություն տալ:

— Ձեռնոցը պաշտպանու՞մ է վարակից: 

— Ոչ, ձեռնոցը բացարձակապես նշանակություն չունի վարակի կանխարգելման տեսանկյունից: Այս տեղեկատվությունը չեն տալիս, այլ ստիպում են, որ ամեն տեղ մտնելուց՝ բանկում, խանութում, ձեռնոց դնել: Դա չի օգնելու, որովհետև մաշկի միջոցով այդ վիրուսը չի փոխանցվում: Չկա որևէ գիտական հետազոտություն, որևէ  միջազգային առաջարկ, որով հաստատեն, որ  ձեռնոցը պաշտպանում է վարակի տարածումից: Մարդուն ասում ես, որ տրանսպորտում այդ ձեռնոցով լինի, նա ինչ  միկրոբ ասես, հավաքում է, հետո դնում է գրպանը, որ երեկոյան, օրինակ, դրանով նորից պետք խանութ մտնի, կամ տրանսպորտ նստի: Նույնը վերաբերում է դիմակին: Փողոցում, բաց տարածքում կրելը որևէ իմաստ չունի: Դիմակ կարելի է կրել միայն փակ տարածքներում, որտեղ կա մարդկանց մեծ կուտակում և դու ինչ որ երկար ժամանակ այդտեղ պետք է գտնվես: Պետք է հրավիրեն հիգիենայի մասնագետների, համաճարակաբանների, բայց պետք է նախ, այդ մասնագետները քննարկում անեին ու  միասնական տեղեկատվություն տային:

-Տանը պատրաստած դիմակն օգնո՞ւմ է:

— Ոչ:  Կարող է շարֆի պես մեխանիկորեն մի քիչ պահի, բայց այդ կտորը վիրուսից չի պաշտպանում: Եթե նույնիսկ սովորական վիրաբուժական դիմակը չի պաշտպանում, և բժիշկները ռեսպիրատորներով են շփվում հիվանդների հետ, այդ հասարակ կտորը ո՞նց պետք է պաշտպանի: Մարդիկ սա հասկանում են, ու նրանց մոտ այդ խորհուրդները անլուրջ վերաբերմունք են ձևավորվում: Հետո՝ մարդուն ասում են՝ մտածիր քո ու կողքինիդ առողջության մասին: Նա մտածում է, բայց նա չունի հնարավորություն ամեն օր մի քանի դիմակ ու ձեռնոց գնելու: Ճիշտ կլինի, եթե մոլերում, խանութներում դռան մոտ դիմակ ու ձեռնոց դրված լինի ու դուրս գալուց մարդիկ դրանք նետեն աղբարկղ ու դուրս գան: էդ դեպքում իրոք, պաշտպանված կլինեն:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here