Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։

Վարչապետը նշեց, որ իր համոզմամբ, կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:

«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ ու եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,-ասաց նա և նշեց, որ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են.

«Սովորաբար բացահայտվում է դեպքերի միայն մի մասը, մոտավորապես կեսը:Հետեւաբար, եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր: Այդ 14 հազարի 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակված է: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիր լինելու մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաեւ դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում: Այսինքն պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում եւ 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք պարտադիր կդարձնենք դիմակ կրելը: Այսինքն եթե կա առանց դիմակի մարդ, նա պետք է տուգանվի»,-ասաց նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest