Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժից կրումից ազատ արձակելու գործով վճիռը:

ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։

Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճռում ասվում է, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։

«Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել՝ նրան անպատժելի թողնելով ատելության լուրջ հանցագործության համար», — նշված է ՄԻԵԴ-ի վճռում։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին՝ Մարգարյանի ծառայակից Մակուչյանին և մորեղբայր Մինասյանին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար: Դիմումատուները գումարային փոխհատուցում չեն պահանջել, իսկ նշված գումարը դատական ծախսերն են՝ հայ ու բրիտանացի փաստաբանների վճարը:

Ռամիլ Սաֆարովը թեև ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից, սակայն, հետագայում արտահանձնվել էր Բաքվին, որտեղ ոչ միայն ազատ էր արձակվել, այլև բարձր պարգևների արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Pin It on Pinterest