ՔԿՀ 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ «Պետք է օգտվել կորոնավիրուսի ստեղծած «հնարավորությունից» և համաներում կիրառել»

0
92

ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Փոխարենը, 3 ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Անցնող երկու ամիսների ընթացքում, կալանավորված անձանցից կորոնավիրուսի թեստի նմուշառում է հանձնել հինգը, դատապարտյալներից՝ ութը, ՔԿՀ աշխատակիցներից՝ 52-ը։

Այս մասին Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Մինասյանը։

Ըստ Արդարադատության նախարարության տարածած հայտարարության, աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացրել են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չեն ունեցել․

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն արձանագրվել են ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ինչպես նաև պահպանության ապահովման ստորաբաժանումներում»,- ասվում է գրության մեջ։

Նախարար Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ կանխարգելման միջոցառումները  որոնք իրականացվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության  նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։

«Հայաստանի ՔԿՀ-ներում տիրող վիճակը լավագույններից մեկն է, այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է: Մյուս բոլոր երկրներում, որտեղ հրատապ միջոցառումներ են իրականացրել համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են նրանով, որ 100 տոկոսից ավելի է բեռնվածությունը: Մեզ մոտ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, ինչի մասին վկայում են թվերը»,- ընդգծում է Բադասյանը:

Այնուամենայնիվ, իրավապաշտպանները կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից իշխանությանը հորդորում էին «օգտվել առիթից» և օր առաջ քայլեր ձեռնարկել՝ բեռնաթափել քրեակատարողական հինարկները։ Նման շտապողականությունն իրավապաշտպանները բացատրում են նրանով, որ կալանավայրը, հանդիսանալով լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման համար անհամեմատ ավելի հարմար վայր է և մեկ վարակի դեպքն անգամ կարող է շատ արագ տարածվել ամբողջ փակ համակարգում․

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձում է նախարարին՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գերծանրաբեռնվածություն չկա, պետք է շուտափույթ կարգով համաներում իրականացնել․ այդ հանգամանքը չպետք է էական նշանակություն ունենա այս գործում․

«Պետք է օգտվել կորոնավիրուսի ստեղծած «հնարավորությունից» և համաներում կիրառել՝ բեռնաթափելով մեր կալանավայրերը։ Թեթև հանցագործություն կատարած անձանց գործը պետք է ուսումնասիրվի, առանձնացվեն կոնկրետ դեպքեր և նրանք տուն գնան, որտեղ ավելի պաշտպանված կլինեն վիրուսից։ Փակ հաստատություններն ամենավտանգավոր տեղերն են, որտեղ, եթե ոտք դնի վիրուսը, բավականին ինտենսիվ կերպով կտարածվի։ Նախնական քայլերը պետք է լինեն ավելի քան մտածված և հաշվարկված, ինչը մեր դեպքում բաց է թողնվել։ Այս տարբերակով գոնե կկանխվի լայն տարածումը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։

Այնուամենայնիվ, Բադասյանը չի բացառում, որ կորոնավիրուսի տարածման նման տեմպերն ու տարածումը կբերեն իրավիճակի, երբ կլինի նաև վարակված դատապարտյալ և կալանավոր․

««Դատապարտյալների հիվանդանոց»-ում արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված մասնաշենք: Այնտեղ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ բուժումը, վերահսկողությունը և մեկուսացումը»։

Հավելենք, որ Հայաստանում 30 օրով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելուն զուգահեռ, Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում հանձնուքի ընդունման կարգում: Ըստ այդմ՝ մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում կթույլատրվի դատապարտյալին հանձնել մեկ հանձնուք: Սա կարվի բոլոր անհրաժեշտ պահանջներն ապահովելու պայմանի դեպքում:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here