«Քաղծառայությունը վերածվել է ստրուկների ինստիտուտի». քաղծառայողից ուզում են ազատվել

456

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, որն այսօր վերակազմավորումների փուլում է, որոշել են ազատվել 15 տարուց ավելի քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող Արմեն Վարդանյանին, որը վերջին տասը տարիներին այս ծառայության մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետն է եղել: Վարչությունը վերացված է, իսկ Արմեն Վարդանյանին ուղարկել են կադրային ռեզերվ:

Այսօր արժեքավոր  մասնագետին, որը ոլորտի օրենսդրության ստեղծմանն ա ակտիվորեն մասնակցել, հարյուրավոր բարդ փաստաթղթեր է գրել, ձևական առաջարկ են արել՝ տեսուչ աշխատել Գեղարքունիքի մարզում:

«Այն վարչությունը, որի ղեկավարն էր Արմեն Վարդանյանը, լուծարվել է, իրեն առաջարկվել է աշխատանք, ինքը հրաժարվել է։ Առաջարկը մոտ էր իր բնակավայրին», — ասում է ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը։

Արմեն Վարդանյանը դեռևս գյուղատնտեսության նախարարության կազմում լինելու տարիներից ծառայության ամենաակտիվ մասնագետներից էր, համարձակ հարցազորւյցներ էր տալիս, պարզաբանումներ ԶԼՄ-ներին: Այսօր հայտնվել է անցանկալիների շարքում:  

Փորձառու մասնագետից ազատվելու համար, ըստ Արմեն Վարդանյանի, ընտրել են լայնորեն կիրառվող տարբերակ՝ դիտավորյալ ցածր են գնահատել նրա կատարողականները:

«Ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Գեորգի Ավետիսյանն իմ գրավոր պահանջով չի ներկայացրել կատարողականիս ցածր գնահատման պատճառաբանությունը», — ասում է Արմեն Վարդանյանը: Նա իր վերաբերյալ որոշումը բողոքարկել է Ավետիսյանի վերադասին՝ ՀՀ վարչապետին, դիմում-նամակներ է հղել նրան, սակայն իր նամակներին գրասենյակից չեն պատասխանել:

Զանգահարել է վարչապետի գրասենյակ, տեղեկանալու համար իր դիմումների ընթացքի մասին, և նրան պատասխանել են, որ դիմումները մակագրվել են տեսչական մարմինների համակարգման գրասենյակ: «Ինչու՞, եթե դիմումները առնվազն քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատմանն են վերաբերում, ինչը տեսչական մարմնի գործառույթների շրջանակից դուրս է», — հարցոնւմ  է մասնագետը, ենթադրելով, որ քաղաքացիների նամակների և խնդիրների վերաբերյալ վարչապետին առհասարակ չեն զեկուցում:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բազմիցս համոզվել ենք, իրեն փողոցում, կամ որևէ այլ վայրում  պատահական հանդիպող ու իրենց բողոքներով մոտեցող քաղաքացիներին հորդորում է դիմել իր աշխատակազմ՝ մի մարմին, որը, փաստորեն, ճշմարտությունը վարչապետին չի զեկուցում: «Չեմ ուզում մտածել, որ այդ թողտվությունը վարչապետի գիտությամբ է կատարվում», — ասում է Արմեն Վարդանյանը:

Նա համոզված է, որ իրենից ազատվելու պատճառը իր բարձրաձայնումներն այս մարմնի վատ աշխատանքի՝ թույլ տրվող խախտումների, հովանավորչության, ապօրինությունների:

«Վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ բաց  խոսել եմ դրանց մասին, հստակ առաջարկություններ եմ արել, որոնք արձանագրված են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում: Բայց իմ բարձրացված հարցերը մնացել են անպատասխան: Կազմակերպված թևով  ամեն ինչ արվել է ինձ առօրյա աշխատանքներում չներառելու, ոչինչ չհանձնարարելու, փաստաթղթաշրջանառությունից դուրս թողնելու համար», — ասում է Արմեն Վարդանյանը:

Նա անակնկալ բացահայտում է արել՝ պարզվում է, ներքին փաստաշրջանառության համակարգերի հսկողական լիազորություն և հնարավորություն ունեցող վարչապետի աշխատակազմը չի էլ կարդում այն:

Ի՞նչ եք սպասում վարչապետի գրասենյակից: «Արդեն որևէ բան չեմ ակնկալում, — Forrights.am-ին ասաց Արմեն Վարդանյանը, — Եթե մարդուն ուղարկում ես նամակը, չի պատասխանում, ի՞նչ անեմ, հո չե՞մ գնալու, դռան մոտ կանգնեմ, սպասեմ: Պետական կառավարման ապարատում անտարբեր վիճակ է: Քաղծառայությունը վերածվել է ստրուկների ինստիտուտի»: Ի՞նչ է անելու հետո: Գնալու է Գեղարքունիքի մարզ՝ տեսչական աշխագտանքի:

«Ես բոլոր առաջարկները կուսումնասիրեմ, նոր վերջնական որոշում կկայացնեմ», — պատասխանեց Վարդանյանը: Եթե համարժեք առաջարկ չստանա, փորձագիտական ՀԿ կհիմնի: Վստահ է՝ իր փորձը մարդկանց անհրաժեշտ է: 

Սյուզան Սիմոնյան