Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:

Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո:

Pin It on Pinterest