«Տեղի ունեցած միջադեպից անցել է 3 ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին»,- խորհրդարանում, ծեծկռտուքի պատճառով ընդհատված նիստի վերսկսումից հետո ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները։
Ըստ պատգամավորի, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, և միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ։
Նրա պնդմամբ, տեղի ունեցածը, մեծ հաշվով, իրենց խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է։
«Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, և ապագայում, կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
«Ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից, ովքեր ականատես են եղել միջադեպին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա ցավով նշեց, որ իրենց խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել միջադեպը։
«Բայց այս ամենը սկսվեց մի քանի շաբաթ առաջ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո։ Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Օրենքի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում։ Պարոն Մարուքյանը, պատգամավոր եղած ժամանակ, երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել յոթերորդ գումարման ԱԺ-ում»,- մեկնաբանեց Մակունցը։
Նրա պնդմամբ, այս միջադեպը հետևանքն է այն բանի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք՝ ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց որևէ ներողության խոսք։ Նա վստահեցրեց, որ որևէ կերպ չի ցանկանում արդարացնել միջադեպը և ցավում է կատարվածի համար։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ ելույթին,
Նա մասնավորապես, նշեց. «Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական, հոգեբանական եւ պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետեւողականորեն եւ շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների:
Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վերաբերյալ:
«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու Կառավարությունը, երկու տարի շարունակ ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթան պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- հայտարարեց վարչապետը:
Նա նշեց՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն հրավիրել է սուրճ խմելու, ինքն ընդունել է հրավերը, իջել իր նախկին աշխատեսանյակը, որտեղ այժմ Մարուքյանն է նստում: «Ես ուղիղ ասել եմ իրեն՝ մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու Ձեր գործունեությունը, այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները, և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պահը մի անբաժանելի մասն է: Այսօր տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը ամբիոնից ցած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Տեղի ունեցածը, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել»,- ասաց նա, ապա շարումնակեց ելույթը:
«Մեզ ամեն օր անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, էս ամբիոնից էր էդ նույն մարդն ամեն օր ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք, նրանք մեզ ուզում են դարձնել «պադյեզդներում» ծեծողներ, մեզ ուզում են հավասարեցնել քիլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից, և այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ»:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները․
«Եվ այո, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անցամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: