Խորհրդարանում Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ-ում վիճաբանություն ու ծեծկռտուք սկսվեց․«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն ընդհատեց Սասուն Միքայելյանը` չհամաձայնելով վերջինիս մտքերի հետ:

Վերջինս իր ելույթում անդրադառնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթին:

«Ասում ենք մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևով ամբարտավանութամբ ասում` սուտ են խոսում: Եթերով ձեր համարն ասում եք, հետո 120 զանգ ստանում, ասում` «Լուսավորն» է համարս տվել»,- ասաց Մարուքյանը:

Ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Սասուն Միքայելյանը` հավանաբար Մարուքյանին «հոպար» անվանելով, ինչին արձագանքեց Մարուքյանը․ «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»։

Այնուհետև փոխադարձ գորգոռոցներ, որր ժամանակ էլ Սասուն Միքայելյանը հավանաբար ասաց, որ «կցխի» Էդմոն Մարուքյանին, ինչին էլ Մարուքյանը կրկին արձագանքեց․ «Ինչը կցխես է»,- առաջ գնալով դեպի Միքայելյանը, ինչից հետո հաջորդեց Սասուն Միքայելյանի ապտակը և ծեծկռտուքը։

Ստեղծված իրավիճակը բազում քննադատությունների առիթ հանդիսացավ համացանցում։ Շատերը ծաղրանքով մոտեցան, ինչպես նաև պահանջեցին ծեծկռտուքին մասնակից պատգամավորներից, որպեսզի վերջիններս իրենց պատգամավորական մանդատը վայր դնեն «նման պահվածքը հարիր չէ ժողովրդի հարկերի հաշվին աշխատավարձ ստացող պատգամավորին» գրել էր քաղաքացիներից մեկը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցածին, նշելով, որ բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված․ «Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»,-գրել է նա, մանրամասնելով, որ չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

«Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին: Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար»,-գրել է Արման Թաթոյանը, հավելելով, որ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը։

«ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնություններն ուղղակի խուլիգանության դրսևորում է»,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հավելելով, որ Սասուն Միքայելյանի բռնի ու բռի գործողությունը խոստորեն դատապարտում է, այն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի վարքագծի հետ:

«ԱԺ Իմ քայլը խմբակցությունը պետք է հստակ և միանշանակ գնահատական տա իր խմբակցության անդամի վարքագծին և գործողությանը»,-եզրափակել է Արթուր Սաքունցը։

Ազնիվ Սիրադեղյան

Տեսանյութը Ազատություն ռ/կ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest