Գավառի մսաղացը տեղի ունեցավ մի տարածաշրջանում, որը դեռևս խորհրդային միլիցիայի ժամանակներից վատ համբավ է ունեցել:


Հին ոստիկանները պատմում են, որ Նորատուսում և Գավառում հնուց իրավապահներին չենթարկվելու սովորույթ է եղել: Նույնիսկ դեպքեր են եղել, որ ձկնագողությամբ հայտնի Նորատուսի բնակիչները բահերով ու գերանդիներով հարձակվել են ոստիկանների վրա: Իրավապահ մարմիններն այս տեղամասը ավանդաբար առավել վտանգավորների շարքն են դասել ակտիկա են ունեցել, այստեղ առավել զգոն են եղել: Ինչպե՞ս պատահեց, որ ոստիկաններն անպաշտպան գտնվեցին Գավառի հանդուգն հանցագործների առաջ ՝ սա հիմնական հարցն է, որը հուզում է հանրությանը Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների համատեքստում:

Օրը ցերեկով՝ 17:00-ի սահմաններում, Ազատության փողոցում մարդկանց մի խումբ կրակ է բացում մյուս խմբի ուղղությամբ՝ Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի: Ավետիսյանն ու Պարոնիկյանը տեղում մահանում են, 6 հոգու տանում են «Գավառ» հիվանդանոց: Տուժողները Գավառի ու Նորատուսի բնակչներ են:

Այսպիսի բեսպրեդել անգամ քրեական ավանդույթներով հարուստ Նորատուսը վաղուց չէր տեսել: Լուրեր են տարածվում, որ կատարվածը արյան վրեժ էր Հայթյանների ու Պարոնիկյան-Ավետիսյանների միջև: Երկու անչափահաս տղաներ ամիսներ առաջ դանակներով կռիվ էին արել, և հիմ ա մեծերն են խառնվել նրանց վեճին: Ըստ մեկ այլ վարկածի, նախնական անհամաձայնությունը ընտանիքների միջև տեղի է ունեցել գործնական հողի վրա և կապված է եղել ավտոմեքենաների առ ու վաճառքի, դրա արդյունքում առաջացած պարտքերի հետ:

Սակայն առավել արտառոցը ոչ թե բուն սպանությունն է, այլ այն, որ ժամեր անց մոտ , կոտրելով հիվանդանոցի դռներն ու պատուհանները գրոհել են Գավառի հիվանդանոցը, որտեղ հսկողություն էին սահմանել ոստիկանական ուժերը, ու առանց քաշվելու ոստիկանների ներկայությունից, փորձել են մորթել այնտեղ տեղափոխված անձանցից երկուսին, կտրելով նրանց կոկորդը:

Ահա, թե ինչ է հաղորդել այսօր այդ մասին ՀՀ քննչական կոմիտեն.
Այսօր՝ ապրիլի 29-ին քննչականայրում կոմիտեն հաղորդեց. «Նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Բացի այդ, նրանք, շրջափակելով Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրելով այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք էին գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը»:

Երևանում հիվանդանոցի վրա հարձակումից հետո լուր տարածվեց, որ հարձակման ենթարկված երկու անձինք էլ մահացել են: Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Այն պահին, երբ հանդուգն հանցագործները ներխուժել էին «Գավառ» ԲԿ, կրակոցների վայրում՝ Ազատության փողոցում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետներ, դատախազներ: Դեպքի վեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:

Այսօր ոստիկանապետի մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը փորձեց արդարացնել իր ղեկավարին, հայտնի սոցցանցի իր էջում գրելով, որ ՀՀ ոստիկանության Արման Սարգսյանը գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։
Սակայն այս հայտարարությունը չփրկեց ոստիկանապետի համբավը:

Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր մի շարք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով: Բոլոր այս գործերը միացված են մեկ վարույթում: Հաղորդվեց նաև, որ 50-60 մարդ բերման է ենթարկվել, որ 15 ձերբակալված կա, բայց լարվածությունն ու տագնապը, որոնք առաջացավ Գավառի ողբերգությունից հետո, թուլանում:
Ի՞նչպես պատահեց, որ Ազատության փողոցում հավաքված բազմաթիվ իրավապահները չիմացան, չտեղեկացան որ այդտեղից մոտ 200 մետր հեռու գտնվող «Գավառ» ԲԿ-ի վրա 40 հոգով զինված հարձակում է եղել և ինչո՞ւ հիվանդանոցում հերթապահող ոստիկանները չկրակեցին հանցագործների ուղղությամբ, երբ այդ իրավիճակում նրանք նույնիսկ առանց նախազգուշացման կրակելու իրավունք ունեն:

Ահա այս հարցերն են այսօր առավել քննարկվում Գավառի ողբերգության համատեքստում:
Փաստորեն, մի քանի հանցագործներ կարողացան ճշտել պալատը, որտեղ գտնվում էին կրակոցներից տուժածները, կոտրել հիվանդանոցի դուռ-լուսամուտը, մտնել, մորթել մարդկանց, դորս գալ: Ակնհայտ է, որ բոլոր այս գործողությունները ժամանակ են պահանջել, չէին կարող մի քանի րոպե տևել, չէին կարող չուղեկցվել աղմուկով, գոռոցներով:

Բայց նույնիսկ հիվանդանոցից դուրս գալուց ոստիկաններից ոչ մեկը նրանց չկանգնեցրեց, ոչ մեկը չտեղեկացրեց վերադասներին, թե ինչ է կատարվում ներսում:

Մեր տեղեկություններով, գազանություններ գործող ամբոխը բավականին երկար չի հանդարտվել: Իսկ իրավապահները առավոտյան հինգին են միայն սկսել բերման ենթարկել անկարգությունների մասնակիցներին:

Սա հնարավոր է միայն մեկ դեպքում ՝ եթե նա վստահ չի, որ եթե կրակի, իրեն չեն դատի, եթե ոստիկանը վախեցել է, եթե նա չի հավատում, որ իր ղեկավարն իր մեջքին կանգնած է, այլ կերպ ասած՝ եթե ոստիկանն իրեն անվտանգ չի զգում և հանցագործի հետ հարաբերությունը կառուցում է «մի վնասիր» սկզբունքով:


Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest