Իշխանական «Իմ քայլը» մի խումբ պատգամավորների ձեռամբ՝ առաջիկայում «եթերը մաքրվելու և վարակազերծվելու է»։ ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Արման Բաբաջանյանը և Մխիթար Հայրապետյանն առաջարկում են փոփոխություններ կատարվել «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում։ Հատկանշական է, որ սկզբում շրջանառության մեջ դրված նախագծի մեջ էր նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի անունը, սակայն կարճ ժամանակ անց, այն հեռացվեց։

Մասնավորապես, նախագծով պահանջ է ներկայացվում լրատվական հաղորդումներին՝ տալ միայն հավաստի և ստուգված նորություններ։ Քաղաքական հաղորդումներում պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, ներկայացվի հակառակ տեսակետը, հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։ Հավասար հնարավորություն ստեղծելու պահանջ կա նաև ընտրությունների փուլում։ Եթե, դիցուք, քաղաքական գործիչը հրաժարվում է մասնակցել հաղորդմանը, դա մեդիային չի ազատում անկողմնակալություն ապահովելու պարտավորությունից։

Փոփոխությունների փաթեթը թույլ է տալու հստակ կարգավորում մտցնել տեսալսողական տեղեկատվության լեզվի հետ կապված: Առաջարկվում է անցում կատարել հայերեն հաղորդումների՝ անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով: Կարգավորումն ունի նպատակ սույն օրենքի սկզբունքների համատեքստում բարձրացնելու տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնելու հայրենական արտադրանքը:

Տարիներ շարունակ այս ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին բարձրաձայնող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Forrights-ի հետ զրույցում նախ անդրադարձավ օրինագծի փաթեթի անվանմանը։ Ըստ նրա՝ հավակնոտ անվանումը, որն ընտրվել է օրինագծի համար, համարժեք չէ․

«Նախագծերի փաթեթի վերնագիրը բոլորովին չի համապատասխանում բովանդակությանը, քանի որ այսօր կան տեսալսողական մեդիածառայություններ, որոնք իրենց արտադրանքը մատուցում են համացանցի միջոցով, իսկ համացանցը ներառված չէ կարգավորման դաշտում։ Այն կարգի փոփոխությունը, որ ենթադրվում է ներկայացված օրինագծով, նոր օրենքի գաղափարին չի համապատասխանում և այն, ինչ նրանք ուզում են փոխել, հնարավոր էր ուղղակի  առանձին փոփոխության տեսքով ներառել գործող օրենքում»,- նշում է Նավասարդյանը։

Նախորդ տարի աշնանը Երևանի մամուլի ակումբը մշակել էր օրենքը կարգավորող մի նախագիծ, որը ներկայացվել էր և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին։ Որոշակի քննարկումներ եղել են, սակայն, նախագիծն այդպես էլ չի ընդունվել։ ԵՄԱ նախագահը փաստում է՝ պատգամավորների կողմից ներկայացված նախագծում ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների ներկայացրած հայեցակարգային մոտեցումներից, գաղափարներից որևէ բան չի վերցվել.

«Տարբերությունը մեր կողմից ներկայացրած նախագծի հետ կայանում էր նրանում, որ նախ մենք չէինք հավակնում, որ նախագիծը կարող է տեսողալսողական ծառայություններն ամբողջական կարգավորել։ Այն ընդամենը քայլ էր դեպի այդ ունիվերսալ կարգավորումը, ինչն անհրաժեշտ էր։ Պետք էր բերել ավանդական հեռարձակումը մոտավորապես նույն պայմանների, որում գործում է համացանցը, և հաջորդ քայլում միայն նոր սկսել տեսալսողական ծառայությունների մասին օրենքի ուղղությամբ մտածել։ Այն միտումը, որ կա ամբողջ աշխարհում, հնարավոր է իրականացնել միայն երկու քայլով»,- մասնավորեցնում է նա։

Հետաքրքրական է, որ օրենքն իրականացնողները ևս համաձայն չեն առաջարկվող փոփոխությունների հետ։ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը երեկ Ազգային ժողովում այս նախագծի քննարկումների ժամանակ նկատեց, որ եթերը մաքրելու, վարակազերծելու մասին պնդումները ծայրահեղ պոպուլիստական են, և եթեր մաքրելը շատ հարաբերական է․

«Ո՞նց մաքրենք, ինչի՞ց մաքրենք, ո՞րն է քարոզը, ինձ տվեք սահմանումը: Ամեն մեկը քարոզը մի բան է հասկանում: Մեկը մարդու իրավունքների պաշտպանությունը սեռական փոքրամասնությունների քարոզ ու անբարոյական բան է համարում, մյուսը համարում է մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչի՞ց ենք մաքրում՝ մեկի՞ց, մյուսի՞ց, երրորդի՞ց, հնդկակա՞ն սերիալից, թե՞ հայկական սերիալից»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով՝ եթերը ոչ թե պետք է մաքրել, այլ կանոնակարգել:

Բորիս Նավասարդյանը հավելում է՝ օրենքի կիրառումից է կախված նաև կանոնակարգը․ արդյո՞ք խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակումների կենթարկվի օրենքի ընդունումից հետո, ԵՄԱ նախագահը պատասխանեց՝ կա գործիք, որը որոշակի սահմանափակումներ կդնի հեռարձակողների վրա․

«Մինչ օրս մեդիայի մասին ընդունված որևէ որոշման հստակ էֆֆեկտը չենք տեսել։ Բացասականը տեսնում ենք, դրականը, ցավոք, ոչ»,- նկատեց Նավասարդյանը։

Խոսքի ազատության պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը դեռ չէր հասցրել ծանոթանալ երեկ ուղարկված 50 էջանոց նախագծի փաթեթին։ Կատակում է՝ վիպակ չի, պետք է լրջագույնս մոտենալ հարցին։ Մելիքյանը չցանկացավ առանց ծանոթանալու դիրքորոշում հայտնել, սակայն նկատեց՝ գործող օրենքն իսկապես վերանայման կարիք ուներ։

Հավենենք, որ այս փոփոխություններով պատգամավորներն ակնկալում են հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտի ստեղծում, մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest