Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մի քանի րոպեում դարձավ արյունալի իրադարձությունների կենտրոն։ Տեղի ունեցավ դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է քաղաքում։ Տեղում գտնվող մարզպետն իրավիճակը նկարագրում է՝ «անկառավարելի»․

«Ականատեսների վկայությամբ 500-ից ավելի մարդիկ են եղել հիվանդանոցի շրջակայքում․․․Իրավիճակը կառավարումից դուրս էր եկել, հաշվի առնելով այն, որ տարբեր մուտքերից քաղաքացիները փորձել էին մուտք գործել հիվանդանոց։ Ես անձամբ ոստիկանապետի հետ եղել եմ դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, այսինքն այնտեղ, որտեղ ժամեր առաջ եղել են կրակոցներ։ Հիվանդանոցում եղել է փոխմարզպետը և ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Ստացված տեղեկությունների համաձայն, դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը և հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել, ինչից հետո անարգել հեռացել են հիվանդանոցից։

Ոստիկանությունը դեպքին անդրադարձավ միայն այսօր առավոտյան՝ դեպքից մոտ 18 ժամ անց՝ կցկտուր տեղեկություններ հայտնելով։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, կրակոցներ եղել են համալսարանի շրջակայքում, սպանվել է երկու անձ, կան վիրավորներ։ Forrights-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ արդյոք ո՞րն է ոստիկանության ուշ արձագանքման պատճառը, քանի՞ բերման ենթարկված կա այս պահին, ի վերջո, ի՞նչ է կատարվել հիվանդանոցում և համալսարանի մոտ, սակայն Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց պատասխանել․

«Այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չեմ կարող։ Կատարվում է քննություն։ Կան բերման ենթարկվածներ։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշեց նա։

ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ տեղեկություն տրամադրեց, որ Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով  այս պահի դրությամբ ձերբակալվել է   5 անձ:

«Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով»: 

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Ավետիսյանը և Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ։

2020թ. ապրիլի 28-ին «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Պարզվել է, որ Պարոնիկյանի և Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Ավետիսյանի և Պարոնիկյանի հարազատները և ընկերները՝ մոտ հինգ հարյուր հոգի, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը:

«Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։

Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։

ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։ 

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Forrights-ի հետ զրույցում հաստատեց, որ վիրավորների մեջ կան նորատուսցիներ, սակայն, մեր հետագա հարցերից խուսափեց․

«Դեպքի ոչ մանրամասներին եմ ծանոթ, ոչ էլ պատճառներից եմ տեղյակ։ Այդ ամեն ինչը Գավառում է եղել»,- ասաց Հարությունյանը:

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Ալլա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպանվածներից մեկը՝ Զոհրապ Պարոնիկյանը, զինվորական գործերով քննիչ է եղել, դրական անձնավորություն է եղել, ամուսանացած էր, խնամքին ուներ երկու անչափահաս երեխա․

«Մյուս անունը, որ շրջանառվում է՝ Արմեն (խոսքն Արմեն Հայթյանի մասին է խոսքը), խելոք, հանգիստ տղա է, զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Թե ինչու է նման դեպք տեղի ունեցել կամ որն է պատճառը, մենք ասել չենք կարող։ Բայց այս պահին Գավառը համեմատ ավելի հանգիստ է»,- նշեց խոսնակը։

«Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցի կարծիքով վենդետա է իրականացվում, քանի որ ոչ ոք չի հավատում, որ տեղի է ունենալու արդարադատություն․

«Հանցավոր աշխարհի հետ քննիչ-դատախազ-դատավոր հարաբերակցությունը մինչ օրս շարունակվում է և այդ մարդիկ շարունակում են մնալ իրենց պաշտոններում։  Նախկինում քրեական ենթամշակույթը ծառայում էր իշխանություններին, ինչի դիմաց որոշակի առավելություններ էր ստանում։ Հիմա, նոր իշխանությունների հետ հարաբերություններն այդքան իրենց սրտով չեն, ուստի կրկին փնտրում են հին տերերին։ Վենդետաները շարունակելու են մնալ որպես ընդունված տարբերակ, քանի դեռ շարունակում է թավիշն իշխել»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ քրեական ենթամշակույթի նման ազատ գործման մեջ մեծ տեղ ունի ոստիկանության ուժերի թերացումը։ Ըստ նրա, շատ ցավալի է, որ առավել ևս արտակարգ դրության պայմաններում ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանք ներկայացնող մարմինները չեն կարողանում կանխել նման զարհուրելի ոճրագործությունը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest