«Մեր հայտարարությունից հետո, որ արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում անջատումներ չեն լինելու, եղել է որոշակի սպեկուլյատիվ գործելակերպ։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել վճարելու, ասել են՝ քանի որ չեն անջատելու, ուրեմն չվճարենք։ Այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու և չեն վճարում, այո, նրանց հոսանքները պետք է անջատվեն»։ Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայտարարության արդյունքում զարգացավ մի իրավիճակ, որ սկսեցին չվճարել ոչ միայն նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, մենք տեսնում ենք, որ հարուստ մարդիկ նաև սկսել են չվճարել։ Եվ պատճառն այն էր, որ Կառավարությունն ասել էր՝ չվճարումների դեպքում անջատումներ չեն լինելու։

Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր։ Եվ ամենակարևոր ռիսկը, որ այս համակարգը կարող է քանդվել։ Այսինքն, կարող է 1000 կամ 5000 բաժանորդի էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ կարող է խոսք լինել, որ երկրում ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի։ Կոշտ դիրքորոշման արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլափսից»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԾԿՀ հայտարարությունից հետո մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամ վճարումներ են եղել․ «Այսինքն, առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են՝ որ չեն անջատելու, չվճարենք»:

Վարչապետը հայտնեց, որ ՀՀ-ում կա էլեկտրական էներգիայի 775 հազար բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ, որոնցից անջատվել է 4300 էլէներգիայի բաժանորդների հոսանք և 736 գազի բաժանորդների գազի մատակարարումը։

Հասարակական դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ ՀԾԿՀ՝ անջատումների մասին հաղորդագրությանը նախորդել էր իշխանությունների, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից հետևյալ հայտարարությունը՝ արտակարգ դրության արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։

«Երբ այդ ժամանակ մենք հայտարարություններ էինք ունենում, հույս ունեինք վիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց ամեն ինչ այդպես չգնաց։ Այո, հայտարարել ենք, բայց հիմա ով կարող է ասել արտակարգ դրությունը ինչքան կարող է տևել։ Այն ժամանակ երբ որ մենք ասել ենք, մեր հույսը այն է եղել, որ մենք 1 ամսում այս արտակարգ ռեժիմից դուրս կգանք։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե կորոնավիրուսի ճգնաժամը ինչքան է տևելու, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույնը մեկ տարի մենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու»,- ասաց վարչապետը։

Հայտարարությունը չհետևելը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կարող է լինել իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը։

«Ինչ-որ բան ենք հայտարարել և 100 տոկոսով մեր հայտարարածը հետո իրականություն չի դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է։ Ուրեմն մենք այդքանով վատ իշխանություն ենք, այդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա դիրքրոշումների, գործողությունների համար։ Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք։ Բայց երբ ինչ-որ բան ենք հայտարարել, որի արդյունքում սպեկուլյատիվ գործողություններ են եղել, երկրի էներգետիկ համակարգը պետք է կոլափսի ենթարկվեր, մենք չպետք է ասենք՝ համակարգը պետք է կոլափսի ենթարկվի, չգիտեինք որ արտակարգ դրությունը չի երկարելու»,- նշեց նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest