Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու: Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե’ մարզային, թե’ Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:

Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է։ Առողջացածների թիվը 609 է, փաստացի բուժվողներինը՝ 768: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի: 

Pin It on Pinterest