ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը դարձավ 26։

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Նախագծին կողմ քվեարկեցին 116 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։ Մինչ այս՝ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, կարող էին ստանալ կենսաթոշակ և նպաստ մինչև 23 տարեկանը:

Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից:

«Փոխվել է նրանց կարգավիճակը, երկաստիճան կրթություն, տղաները զինվորական ծառայություն են անցնում, հաշվի առնելով նաև բժշկական համալսարանի կրթության տարիները՝ 26 տարեկանում են ավարտում բուհը»,- նշեց Զեյնալյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest