Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստը տևեց հինգ ժամ. սա հանձնաժողովի պատմության մեջ ամենաերկար նիստն էր: Նիստին ավարտին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց հանդիպումը:

«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»,-ասաց Սարգսյանը:

Պաշտոնաթող նախագահի խոսքով` լրագրողների հարցերին չի կարող պատասխանել ոչ թե այն պատճառով, որ կարող է գաղտնի տեղեկություններին անդրադարձ լինել, այլ որ նման կարևոր հարցերին չի ուզում ոտքի վրա պատասխանել:

«Իրար ընդհատելով՝ անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում, իսկ իմ նպատակը պարզ է` հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք, զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հասարակությունը հաղթել է»,- ասաց Սարգսյանը:

Նախկին նախագահը վստահեցրեց` արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո պատրաստ է մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել ապրիլյան պատերազմի վերաբերյալ ցանկացած հարցի: Նրա խոսքով` չի լինելու հարց, որի պատասխանը չի հնչելու:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս դրական գնահատեց պաշտոնաթող նախագահի հետ կայացած հանդիպումը: Հանդիպման սկզբում Սարգսյանն ասել է, որ առավելագույյն չափով անկեղծ է լինելու:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն ընդունեց, որ բացթողումներ եղել են, Քոչարյանն արձագանքեց` իհարկե:

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որը մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դա բոլոր հարցերի պատասխանները չեն, հարցերն ամբողջական կլինեն, երբ կլսենք նաև այլ պաշտոնյաների: Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված հիմնականում գրեթե ամեն ինչ հիշել է, ինչ հարցրել են հանձնաժողովի անդամները:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմի առնչությամբ, որտեղ Սարգսյանն ասել է, որ ոչ թե 800 հեկտար կորցրած տարածքի մասին է խոսք եղել, այլ 400, պրն Քոչարյանն ասաց.

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր: Ֆիլմում հնչեցված բազմաթիվ հարցեր փորձել ենք ճշտել, պարոն Սարգսյանն ասել է, որ ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` պաշտոնաթաող նախագահին հարցրել են, թե որքանով է հակառակորդն իր առջև դրված խնդիրը կարողացել լուծել, արդյոք այդտեղ քաղաքական բաղադրիչ կա, թե ոչ, ինչքանով ենք պատրաստված եղել, որքանով են հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլում այն իրավիճակը, որ շրջանառության մեջ կա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հետախուզությունը թերացել է, Քոչարյանն ասաց, որ այդ ամենն արտացոլված կլինի հանձնաժողովի զեկույցում, ապա հավելեց, որ եղել են բացթողումներ:

Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստին, ամենայն հավանականությամբ նա ևս կհրավիրվի:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչ հունիսի 4-ն է:

Pin It on Pinterest