Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է Կառավարության հետագա քայլերի մասին։

Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են երկարաձգել ՀՀ-ում արտակարգ դրությունը և հավելել, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն, սակայն ազատ տեղաշարժման սահմանափակումը դեռ կպահպանվի։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է եւս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետեւ քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:  

Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի  Ազգային ժողովի հատուկ նիստ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest