Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմի» հիմնադիրներ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։ Նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև մոտ 350 աշխատակիցներ։

Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ «Յուքոմ»-ը ցանկանում է գնել «Բիլայն»-ի բոլոր բաժնետոմսերը։

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, «Բիլայն»-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմ»-ի բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան, որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։

«Յուքոմ»-ի գործադիր տնօրենը Հայկ Եսայանն էր։ Եղբայրները նաև չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։

«Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

«Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիան» Հայաստանում առաջատար է ֆիքսված հեռախոսակապի՝ ավանդական հեռախոսային շուկայում բաժանորդների գրեթե 80 տոկոսով, այս ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest