Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում և հարյուր տոկոս մարում է: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարակի տարածման խնդրին:

«Առաջ եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, մենք հիմա ունենում ենք՝ 16, 20, 30 դեպք, բայց 10-20 աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է, ամեն հնարավոր դեպքը գտնել և թեստավորել, մեկուսացնել, բուժել: Մենք այդ գործողությունը պետք է անենք այնքան ժամանակ, որքան ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, որոշ գործողություն արանքից կհանենք և միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն արդեն անիմաստ կլինի, քանի տարածումը շատ կլինի»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը, որպես օրինակ բերեց Շվեդիան, որ պրակտիկորեն ոչինչ չարեց վիրուսի տարածումը կանխելու համար, 10 միլիոն բնակչություն ունի և արդեն 800 մահ: «Եթե ես նույնիսկ 2,5 միլիոնի վրա հաշվեմ, դա ստացվում է, որ միայն կորոնավիրուսից 200 մահ պետք է ունենայինք»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից մահվան դեպքերը 12-ն են:

«Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվնդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով գնալ առաջ: Մենք մեզ այսօր մի քիչ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության առումով»,-ասաց նա և նշեց, որ մինչ Չինաստանից նոր սարքեր գնելն էլ 80 հատ սարք կար: Նա նշեց, որ մենք պետք է վատագույնին պատրաստված լինենք, բայց ամեն ինչ անենք որ դրան չհասնենք:

Թե որքան ժամանակ նկատի ունի, երբ ասում է նախկին կյանքին վերադարձը շուտ չի լինելու, Արսեն Թորոսյանը երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն մեկ-երկու տարի:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոշմանում է նախկինում իր արած հայտարարությունների համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ չի վարանում սխալներն ընդունելուց, եթե այդպիսիք եղել են՝ ինքն ուղղում է, օրինակ՝ դիմակների մասին իր հայտարարությունները:

«Ընդհանրաապես, երբ կա նոր հիվանդություն ու դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես, հնարավոր է, մեկ ամիս առաջ անեմ մի հայտարարություն և հետո պարզվի, որ ինչ֊որ բան է հայտնաբերվել ու այդ հայտարարությունը հավաստի չէ: Ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»,-ասաց նա:

Նա նշեց, որ դիմակներ և ձեռնոցներ առօրյայում կրելու նպատակը որևէ մի տեղից՝ բերան, քիթ ականջ վիրուսը չհասցնելն է, քանի որ մենք հաճախ ձեռքով կարող է դիպչենք մեր դեմքին: Ինչպես նաև խորհուրդ է տրվում դիմակ կրել շատ խիտ մարդկանց շրջապատում:
«Նույնը ձեռնոցն է: Ձեռնոցն ավելի վտանգավոր է, երբ չի փոխվում և պատշաճ չի հանվում»,-ասաց նա և նշեց, որ այսօր նշվում է, թե դիմակ նույնիսկ կարելի է կրել ութ ժամ:

Արսեն Թորոսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում պաշտպանիչ միջոների դեֆիցիտ կա, և հիմա Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խորհուրդը է տալիս կտորից դիմակներ կրել և ամեն օր լվանալ:

«Դիմակ ցանկալի է կրել ինչքան հնարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե որքան դա ձեզ կպաշտպանի կախված է լինելու ձեզանից: Օրինակ ձեռքերն ավելի հաճախ լվանալն էլ ավելի կարևոր է, քան դիմակը, բայց ամեն պահի ձեռքերը լվանալու հնարավորություն կարող է չունենանք: Դիմակ կրելն ամեն դեպքում ամենուր խորհուրդ է տրվում, ինչին ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,-ասաց նա:

Անդրադառնալով ներկայում ծանր հիվնադների թվին՝ նախարարն ասաց, որ կեսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր ութ հոգի էր, ծանր 40 հոգի:

Pin It on Pinterest