Ազգային ժողովը երեկ հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության առաջարկով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականին ընդունված օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Նախագծով նախատեսվում է անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ։ Փոփոխության անհրաժեշտությունը Կառավարությունը հիմնավորում է տեխնոլոգիական միջոցներով կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությամբ, որը ենթադրում է անձի տեղաշարժի նկատմամբ հսկողություն՝ կապի օպերատորների տրամադրած տեղեկությունների հիման վրա։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան նախագիծը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել։ Սակայն ժամը 17։00-ին արտահերթ նիստ հրավիրվեց, որին մասնակցեց միայն «Իմ քայլը» դաշինքը։ Ընդդիմությունը չէր ներկայացել նիստին, պատճառաբանելով, որ իրենց նիստի մասին տեղեկացրել են նիստը սկսվելուց հետո միայն։

Նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվեց իշխող ուժի 69 կողմ ձայներով։ Երկրորդ ընթերցումը սկսվեց ուշ երեկոյան, կրկին առանց ընդդմիության։ Այս անգամ կողմ քվեարկեցին 71 պատգամավոր։

Այսպիսով, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը:

Դեռ առաջին ընթերցման ժամանակ ընդդիմություն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր քվեարկել նախագծին։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել էր՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները սահմանափակվելու են ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․

«Մենք չենք պատրաստվում այդ սահմանափակումներին կողմ գնալ, ընդ որում, փաստենք, որ նախագիծը շատ ուշացած է։ Եթե առաջին հիվանդի առաջ գալուն պես սա արվեր, միգուցե օրինագիծը կարող էր արդյունավետ լինել։ Բայց այս իրավիճակում այն զրո արդյունք է ունենալու, քանի որ Հայաստանոմ արդեն համաճարակը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Հում նախագիծ, դրան գումարած բազմաթիվ մտահոգություններ, որոնք ուղղված են մարդու ազատության սահմափակմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով` ահռելի շատ գումար է անհրաժեշտ նման քանակի տվյալները հավաքագրելու, դրանք մի մարմնից մյուսը փոխանցելու համար: Ըստ նրա, նման նախագծերի փոխարեն, ավելի լավ կլիներ՝ Կառավարությունը սոցիալական վատ իրավիճակում հայտնված այն քաղաքացիների մասին մտածեր, որոնք Կառավարության ավելի վաղ ընդունած որևէ սոցիալական աջակցության փաթեթում չեն կարող ներառվել։

Կառավարությունից և Ազգային ժողովից իրեն հետաքրքող պատասխաններ չստացավ նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա մի քանի կարևոր հարցերի անդրադարձավ, որոնց աչքաթող էին արվել նախագծում։ Մասնավորապես, որո՞նք են այն երաշխիքները, որ հավաքագրված տվյալների պահպանությունը պատշաճ մակարդակով է իրականացվելու, ո՞ր մարմինները պետք է սկսեն հավաքել և մուտք ունենալ այդ բազայում, որտե՞ղ են պահվելու այդ տվյալները և, ի վերջո, ինչքանո՞վ են դրանք անվտանգ․

«Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հստակ ամրագրվեին օրենքում։ Եվ, որ ամենակարևորն է՝ արդյո՞ք այս ամբողջ տվյալները, որոնք նրանք պատրաստվում են հավաքել, իսկապես անհրաժեշտ են առաջադրված նպատակին հասնելու համար։ Ես չեմ տեսնում այն երաշխիքը, որ մենք ունենք այնպիսի տեխնիկական հագեցվածություն, որը կբացառի մշակված տվյալների արտահոսքը»,- իր մտահոգոթյունը հայտնեց Շուշան Դոյդոյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահն առանձնացրեց նաև անձնական տվյալների պահպանության ժամկետի հարցը։ Ըստ նրա, արտակարգ իրավիճակի ավարտից հետո տեղեկատվությունը մեկ ամիս պահելու որևէ իմաստ չկա․

«Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ասում է՝ երբ նպատակը սպառվում է, ապա պետք է անհապաղ դրանք վերացվեն կամ հնարավորինս սեղմ ժամկետում ջնջվեն ի սպառ։ Այստեղ ողջամիտ ժամկետի սկզբունքը խախտվում է։ Եռօրյա ժամկետը լիովին բավական կարող  լինել այդ ծավալի տվյալները ջնջելու համար»,- Forrights-ի հետ զրույցում հավելեց նա։

Նախագծի փաթեթը ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կանխատեսելով նմանօրինակ քննադատությունները, Ազգային ժողովում ելույթի ժամանակ շեշտեց, որ սա վերաբերում է բացառապես համաճարակով պայմանավորված արտակարգ դրությանը և այս միջամտությունը սահմանափակ է․

«Ամբողջ ծավալով միջամտություն չի լինելու` զանգերին կամ հաղորդագրությունների բովանդակությանը հասանելություն չի թույլատրվելու: Այս պահին նժարներից մեկին դրված են կյանքն ու առողջությունը, մյուսին՝ որոշակի ազատությունների սահմանափակումը»,- նշեց նախարարը:

«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցը նմանօրինակ օրենքը «խայտառակություն» է որակում։ Նրա խոսքով՝ այս հիմնավորմամբ օրենք ընդունելն անթույլատրելի է․

«Սա տոտալ վերահսկողության հնարավորություն է տալիս և թող ոչ ոք չասի, որ իր անձնական տվյալները վստահում է նոր իշխանություններին։ Ես մեծ խնդիր եմ տեսնում օրինագծում, այս նախագիծը լրացուցիչ ինֆորմացիա հավաքագրելու, պահելու, հետագայում, հնարավոր է, օգտագործելու պոտենցիալ հնարավորություն է։ Օրինագիծը շատ մեծ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար»,- նշում է իրավապաշտպանը։

Արդեն այսօր առավոտյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց վիճահարույց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը։։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest