Խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկված է չորս հարց: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում գործադիրն առաջարկում է փոփոխություններ կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը հստակցեցրեց, այլ պատճառներով առաջացած արտակարդ դրությունների դեպքում վերոնշյալ միջամտությունը չի գործում.

«Իհարկե, միջամտությունը սահմանափակ է, ամբողջական միջամտություն չի լինում, և այն  կատարվում է միայն արտակարգ դրության ընթացքում։ Տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին, կամ կառավարության որոշմամբ սահմանված անձանց»,- ասաց Բադասյանը։

Վերջինս նշեց, որ տվյալների բազայում հավաքվելու են հաճախորդի տեղորոշման վայրի մասին, նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների մասին, ինչպես նաև հեռախոսազանգերի սկզբի և ավարտի մասին տեղեկություններ։ Իսկ հեռաախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխնցման դեպքում այն հեռախոսահամարի մասին տվյալները, որին փոխանցվել է զանգը։

«Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները. անձանց վարակման, վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին  տվյալները ևս կհավաքվեն մեկ միասնական հարթակում,-տեղեկացրեց Ռուստամ Բադասյանը, նշելով, որ հավաքագրվելու են բոլոր քաղաքացիների տվյալները։

«Անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել բոլոր տեղեկությունները, որպեսզի անձի մոտ վարակի հայտնաբերման դեպքում, օպերատիվ կերպով հնարավոր լինի կանխորոշել այն անձանց շրջանակը, ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակվածի հետ, և դրանից բխող միջոցառումներ իրականացնել։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։ Այս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է նաև քրեական պատասխանատվություն»,- ներկայացրեց Բադասյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ներդնել արտակարգ իրավիճակի պայմաններում անձի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների կիրառման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել էլեկտրոնային հաղորդակցության միջոց, և հավելվածների միջոցով  ստուգել անձի առողջության վիճակի մասին տվյալներ, մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջներ ներկայացնել և դրանց միջոցով որոշակի վերահսկողություն իրականացնել։

«Ուսումնասիրել ենք երկրների փորձը, որտեղ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաները կիրառվել են, և նկատվել է դրական արդյունք։ Օրինակ, մարտի 26-ին Հարավային Կորեայում եղել է 9241 վարակի դեպք, մահացության  ցուցանիշը կազմել է 131, իսկ Իտալիայում այդ թվերը եղել են համապատասխանաբար 74386 և 7503»,-տեղեկացրեց Բադասյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է այդ ամբողջ տեղեկատվությանը տիրապետելու։

«Ո՞նց է հնարավոր էդ ամբողջ բազան հավաքել, ո՞վ է տիրապետելու էդ ամբողջ տեղեկատվությանը։ Եվ ՀՀ սահմանադրությամբ ասվում է, որ գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ, երբ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է պետական անվտանգության պահպանման համար, և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով  սահմանված առանձնահատուկ կարգավիճակով։ Այսինքն՝ այս առաջարկով ՀՀ բոլոր քաղաքացիները ստանո՞ւմ են այդ առանձնահատուկ կարգավիճակը»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Ռուստամ Բադասյանը նշեց՝ խոսքը զանգերը լսելու մասին չէ, այլ զրույց ունենալու փաստի մասին.

«Կառավարության կողմից սահմանված մարմինները ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են, դրանք այն մարմիններն են, որոնք կարող են վերահսկողություն իրականացնել։ Սահմանադրության մեկ այլ հոդվածով նշվում է, որ արտակարգ իրավիճակների պայմաններում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել։ Ձեր նշած հոդվածը հենց սահմանափակվողների մեջ է մտնում»։
Զոհրաբյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ է վերահսկելու ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։

Ռուստամ Բադասյանն էլ որպես պատասխան նշեց՝ իսկ հիմա ո՞վ է վերահսկողություն իրականացնում ԱԱԾ-ի և ոստիկանության գաղտնալսումների մասով. «Վերահսկողություն կարելի է իրականացնել միայն դատարանի կողմից կիրառված սանկցիայի միջոցով։ Մենք չենք կարող ամեն անգամ վերահսկողի նկատամբ վերահսկող սահմանել»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե համաճարակից հետո ինչ է լինելու հավաքագրված տվյալների հետ և արդյոք կարիք չկար խստացնել պատասխանատվությունը այն դեպքերի համար, եթե անձնական տվյալները հանրայնացնվեն:

Նախարարն արձագանքեց` քանի որ արդեն քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթներ կան, կառավարությունը չի գնահատել գործող միջոցները որքանով են խիստ:

Ինչ վերաբերում է տվյալներին, նախարարն ասաց, որ դրանք ապաանձավորված են հավաքագրվելու, դրանք վիճակագրական տվյալներ են լինելու, որից կառավարությունը կարող է եզրահանգումներ անել, օրինակ, վնասների հատուցման համար կամ հետագայում ավելի լավ ռազմավարություն մշակելու համար:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե ինչ է տալու պետությանը տեղեկությունը, թե, օրինակ, Նորքում ապրող  քաղաքացին հեռախոսային խոսակցություն է ունենում Հարավարևմտյան թաղամասում ապրող քաղաքացու հետ ու քանի անգամ է հետը խոսում:

Նախարարն իր օրինակով պատասխանեց, որ եթե իր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ապա նախորդ 14 օրերի ընթացքում միայն իր տեղորոշումն իմանալը բավարար չէ, կարևոր է նաև իր զանգերի վերհանումը և վերջիններից ճշտումը, թե արդյոք զանգերից հետո հանդիպել են իր հետ, թե չէ:

Արարատ Միրզոյանն արձագանքեց` իր մոտ տպավորություն է, որ այս սահմանափակումն ավելորդ է:

Հիշեցնենք, որ Խորհրդարանը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest