Իտալացի ինստրուկտորը ջերմիջեցնող խմելով թաքցրել է իր իրական վիճակը. Փաշինյանը՝ արտադրամասի դեպքի մասին

290

Արտադրամասը, որի աշխատակիցների մոտ հաստատվում են կորոնավիրուսի դեպքեր, Իտալիայի հետ կապ ունի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության Հեռանկար հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իտալացի գործընկերը ժամանել է Հայաստան, ընդ որում՝ առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց կրկին ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը։ Մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք իր հետևից»,- ասաց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ ինչպես Իրանից ժամանածների, Էջմիածնի պարագայում կորոնավիրուսի իրավիճակի կայունացվեց, այնպես էլ արտադրամասում դեպքում կայունացում կլինի։

«Նոր ճյուղերի զարգացում այս պահի դրությամբ չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եթե տեսնենք, պայքարի այս մեթոդն անիմաստ է, մենք ունենք 2-րդ, 3-րդ տարբերակը, թե ինչպես հետագայում պայքարել վարակի դեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։