«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քրեակատարողական հիմնարկումներում, կորոնավիրուսով պայմանավորված, անհրաժեշտ գործողություններին.

«Երեկ, Արդարադատության նախարարությունը մեր հորդորին արձագանքեց, թե ամեն բան ՔԿՀ֊ներում, կորոնավիրուսի մասով, կարգին է ու իրավիճակն էլ՝ վերահսկելի։ Բավականին ուրախալի փաստ է, ընդունեք, որովհետև աշխարհի բավականին զարգացած երկրներ, ովքեր ունեն ոչ միայն փող, բավարար բժշկական անձնակազմ ու, անգամ, վարակիչ հիվանդությունների արձագանքման ստանդարտ ընթացակարգեր, խոստովանում են, որ ունեն բավականին լուրջ խնդիրներ այս վիրուսին դիմակայելու հարցում։

Հաշվի առնելով մեր երկրում, ցավոք, բավականին արագ տարածման տենդենցը, փակ հաստատություններում այս վիրուսի տարածման առավել մեծ հավանականությունը, տարեցների ու շնչառական խնդիրներ ունեցողների մասով առավել ռիսկայնությունն ու, վերջապես, պետության պոզիտիվ պարտավորությունը՝ հոգ տանել իր խնամքի տակ գտնվող անձանց նկատմամբ, հիմա ավելի կարևոր է, կարծում եմ, հետևյալ գործողությունների կատարումը.

1. ՀՀ Քրեակտարողական օրենսգրքի 71֊րդ հոդվածի ուժով հայտարարել ՔԿՀ֊ներում արտակարգ իրավիճակ՝ առնվազն մինչև ապրիլի 30֊ը ներառյալ

2. առնվազն այն պիտի հայտարարվի “Արմավիր” ՔԿ հիմնարկի համար՝ հաշվի առնելով Էջմիածին քաղաքի ռիսկայնությունը և այս հիմնարկի տեղակայումը

3. խստիվ սահմանափակել/դադարեցնել ազատազրկվածների տեսակցությունների ու հանձնուքների ընդունման գործընթացը

4. դադարեցնել նոր համազգեստի կամ այլ առիթով որևէ տեսակի մեծաքանակ միջոցառումները՝ ողջ համակարգի համար, բոլոր ՔԿ հիմնարկների և կենտրոնական մարմնի տարածքում

5. բոլոր ՔԿՀ֊ներում, իսկ հատկապես “Արմավիր” ՔԿՀ աշխատակիցները, աշխատանքի անցնեն բացառապես թեստավորված լինելու և բացասական պատասխանն արձանագրված լինելու փաստաթղթի հիմքով։ Այս փաստաթուղթը ներկայացնել առավելագույնը շաբաթական կտրվածքով

6. Արագ կարգով մշակել վարակիչ հիվանդությունների, պանդեմիկ/էպիդեմիկ իրավիճակների արձագանքման ստրատեգիա՝ ստանդարտ օպերացիոնալ ընթացակարգերով

7. Բոլոր ՔԿՀ-ներում աշխատակիցներին ու ազատազրկվածներին զինել առնվազն ալկոգել/սանիթայզերներով ու դիմակներով։ Ձեռքբերմանն աջակցելու նպատակով դիմել ԱՀԿ (WHO), ՀԹԴՊԳ (UNODC), ՄԲԲ (PRI), ԿԽՄԿ/ԿԽԿ (ICRC)

8. Բոլոր ՔԿ հիմնարկներում առանձնացնել կարանտինային սենյակ՝ ցանկացած ռիսկային դեպքում անձի մեկուսացումն ապահովելու նպատակով

9. Բոլոր ՔԿ հիմնարկների աշխատակիցների շրջանում, ամեն օր իրականացնել ջերմաչափման սքրինինգ՝ ամեն առավոտ և երեկո

10. Խցային տիպի ուղղիչ հիմնարկներից, հնարավորինս, ապահովել հատկապես տարեցների ու շնչառական խնդիրներ ունեցող դատապարտյալների տեղաբաշխումը կացարանային տիպի ուղղիչ հիմնարկներ (պահպանելով օրենսդրական պահանջներն ու գերբնակեցման բացառման կանոնը)։

Պրոբացիայի մասով.

— Պրոբացիայի բոլոր աշխատակիցներին ապահովել, առնվազն, ալկոգել/սանիթայզեր ու դիմակներով

— բոլոր նստավայրերն ապահովել ստատիկ (պատին փակցված) ալկոգելով/սպիրտային այլ լուծույթով

— Գլխավոր դատախազությանը տեղեկացնելով՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ, դադարեցնել շահառուների՝ շաբաթական կտրվածքով ներկայանալը Պրոբացիա

— Դադարեցնել շահառուների հետ խմբային որևէ միջոցառում՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest