Առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով անցնող ամբաստանյալներ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը կշարունակեն մնալ անազատության մեջ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի՝ խափանման միջոցը փոխելու և այն գրավով փոխարինելու մասին միջնորդությունները։

«Ես շնորհակալ եմ դատարանին, նման ճիշտ որոշման համար։ Միջնորդությունը բավարարելու դեպքում՝ հետևանքները շատ վատ էին լինելու»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

Հոր խոսքով, իր ընտանիքն ու հարազատները երեկվանից շատ ծանր վիճակում են գտնվում։ Նրանք սարսափում և վրդովվում էին այն մտքից, որ ամբաստանյալներից որևէ մեկը կարող է ազատության մեջ հայտնել, թեկուզ՝ մինչև դատավճիռը․

«Թող դատավարական կողմերից յուրաքանչյուրն իր վրա վերցնի՝ ինչպե՞ս կարձագանքի, եթե նույնն անեին իր որդու նկատմամբ, ինչպե՞ս կպահեր իրեն դատարանում կամ ավելի վատ, կցանկանա՞ր, որ էդ հանցագործներն ազատ արձակվեին։ Եթե դրանց բաց թողնեին, դա համաշխարհային մակարդակով խայտառակություն կլիներ»։

Հիշեցնենք, որ պաշտպաններ Արմեն Նադիրյանը և Անժելիկա Հոբոսյանը նախորդ նիստերին միջնորդել էին Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի խափանման միջոցը փոխել և համապատասխանաբար մեկ և երկու միլիոն դրամ գրավ նշանակել։ Պաշտպանները միջնորդության հիմքում նշել էին այն հանգամանքը, որ արդեն 5 տարի է, ինչ իրենց պաշտպանյալները գտնվում են անազատության մեջ․

«Իմ պաշտպանյալին առաջադրված ամբողջ մեղադրանքը հիմնված է միայն վկաների հակասական ցուցմունքների վրա։ Նման դեպքում, այսքան տարի կալանքի տակ մնալն անօրինական է և չհիմնավորված»,- նշել էր Հոբոսյանը։

Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան


Pin It on Pinterest