Իրինա Ասլանյանի և նրա փոքրիկի կյանքը վերածվել է դժոխքի։ Դեռ աղջիկ ժամանակ նա ամուսնացել էր Ստեփանակերտի մի բնակչի հետ ու հեռացել էր Երևանից։ Սակայն նրա կյանքը արցախցու հետ տևեց ընդամենը երեք տարի։ Մայրը երեք տարեկան Սեյրանիկի թաթը բռնած, հետ եկավ Երևան, թափառեց, մնալով տարբեր բարեգործականների ու բուժհաստատությունների հույսին, լիուլի ճաշակեց բարեգործության հակառակ կողմը, որը սովորաբար տեսանելի չէ։

«Սոս մանկական գյուղեր» կազմակերպությունը մի քանի ամսով մոր ու որդու համար էժանագին, անտանելի պայմաններով բնակարան վարձեց։  Սակայն նրա տարրական խնդրանքը իրեն վարսավիրական դասընթացների ուղարկել մերժեց, պատճառաբանելով, որ բարեգործական վարսավիրական կուրսերը միայն երևանաբնակների համար են։

Իրինա Ասլանյանին հարցրեցինք, թե արդյոք դիմել է սոցիալական ապահովության հարցերի նախարարություն։ «Այո։ Հունվարին ինձ սոցապից զանգեցին, ասում են՝ թե դասընթացները երևանաբնակներին է միայն վերաբերվում։ Ես շաբաթական 3 օր նորմալ գալու եմ դասերին, փոխանակ խթանեն պատրաստակամություն ունեցող մարդկանց, խոչընդոտում են», — ասաց նա։

Իրինա Ասլանյանի և նրա երեխայի ճակատագիրը պետական մարմինների կատարյալ անգործության վկայություն է։

 Forrights.am-ը անդրադարձել էր թեմային, նաև դիմել էր սոցապնախարար Զարուհի Բաթոյանին Իրինա Ասլանյանին վարսավիրական բարեգործական դասընթացների խմբում ներգրավելու, կամ որևէ այլ կերպ օգնելու երիտասարդ, բարձրագույն կրթությամբ կնոջը։

Ի պատասպխան հաշմանամություն ունեցող նախարարից, որը պետք է որ ավելի գթասիրտ լիներ հաշմանդամություն ունեցող երեխայի հանդեպ, ստացանք քար լռություն։

Իրինա Ասլանյանը պատրաստ էր կրկին վերադառնալ Արցախ, բնակվել գյուղում, սակայն Արցախի իշխանությունները մերժեցին երիտասարդ կնոջը կացարան տրամադրելու հարցում։ Մենք դիմեցինք  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, խնդրելով օգնել Իրինա Ասլանյանին։

Օմբուդսմենը պատասխանեց, որ կապվել է Իրինայի հետ․ «Մենք բարեգործական մի հիմնադրամի դիմեցի, խոստացան օգնել: Հեռախոսահամարը փոխանցել եմ իրենց, պիտի որ առաջիկա օրերին կապվեն իր հետ։ Ի դեպ, քանի որ ինքը ՀՀ հաշվառում ունի ու գտնվում է ՀՀ-ում, մենք որևէ ֆորմալ հիմք չունենք դիմելու Արցախի պետական մարմիններին աջակցության համար: Ամեն դեպքում հույս ունեմ, որ բարեգործական խողովակներով հնարավոր կլինի աջակցել նրան»։ Անցել է մոտ մեկ տարի։ Որևէ աջակցություն ընտանիքը չստացավ:

Օրերս էլ բժիշկները Իրինային ասել են, որ երեխայի ոսկրային խնդիրները սրվել են։

Ըստ փետրվարի 13-ին «Արաբկիր» բժշկական համալիրի Աբովյանի ամբուլատորիայի ախտորոշման, Սեյրան Բեգլարյանի մոտ ախտորոշվել է աջ ազդրի պրոքսիմալ հատվածի դեֆորմացիա և ազդրի կարճացում 4 սանտիմետրով։

Իրինայի համար լուրջ հարց է նաև բնակավայրը։ Չի բացառվում, որ երեխայի առողջական խնդիրները սրվել են անբավարար պայմաններում ապրելու, խոնավության, ցրտի, հակահիգիենիկ պայմանների հետևանքով։

Այդ մի քանի ամիսն ավարտվեց, և մայր ու որդի մնացին դրսում։ Լուսակերտում մի բարեգործ կին տրամադրեց իր կիսավեր տան մի հատված։

«Սոս մանկական գյուղեր» կազմակերպության վարձած կիսանկուղային կացարանում մի քանի ամիս անցկացնելուց հետո մայր ու որդի գնացին Լուսակերտ։ Այնտեղ մի տարուց ավելի ապրեցին սարսափելի պայմաններում։  Այսօր Իրինան ու նրա երեխան ապրում են Երևանում, մի ուրիշ կիսաքանդ տան մեջ։

Իր ու փոքրիկ Սեյրանիկի տառապանքների մեղավորը Իրինան համարում է իր նախկին ամուսնուն՝ Արթուր Բեգլարյանին և նրա մորը, որոնք  դուրս են արել Իրինային և նրա հիվանդ որդուն Ստեփանակերտի երկու հարկանի տանից։ Իսկ Արցախի դատավոր Մ . Ավանեսյանին, որը ակնհայտ ապօրինի վճիռ է կայացրել։ Դատավոր Ավանեսյանը մերժել է  երեխային՝ Սեյրան Բեգլարյանին, հոր բնակտարածքում բնակվելու պահանջը պատճառաբանությամբ․ «Հայցը հարուցելու պահին երեխայի հայրը՝ Արթուր Բեգլարյանը Ստեփանակերտ, Գ, Նժդեհ փողոցի 71 տանը չի բնակվել, նա հիմնականում բնակվում է Մոսկվա քաղաքում»:

Այսօր երեխայի հայրը բազմաթիվ հարազատների հետ ապրում է Նժդեհի փողոցի իր ահռելի ու ճոխ տանը, իսկ հիվանդ, ոսկորների խնդիրներով Սեյրանիկը ապրում է կիսավեր բնակարանում։ Այնքան ցուրտ է այստեղ, որ երեխան գիշեր-ցերեկ վերարկուն չի հանում։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest