Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երկշաբաթյա դադարից հետո այսօր շարունակվեց 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը։ Նիստերի դահլիճում այսօր անհամեմատ ավելացել էր ոստիկանների թվաքանակը, պատճառը որևէ ձևով չբացատրվեց, սակայն դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։

Նախորդ նիստին պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալ Վաչե Սահակյանի խափանման միջոց կալանքը՝ առաջարկելով գրավ 1 միլիոն ՀՀ դրամի չափով։ Նույնաբովանդակ միջնորդություն այսօր դատարանին ներկայացրեց նաև Մովսես Ազարյանի պաշտպան Անժելիկա Հոբոսյանը, սակայն մեկ տարբերությամբ․ Ազարյանի համար առաջարկվեց 2 միլիոն դրամ գրավ։

Որպես միջնորդության հիմնավորում, պաշտպանը նշեց, որ 23-ամյա Մովսես Ազարյանն արդեն հինգ տարի է կալանքի տակ է, որի ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ․

«Իմ պաշտպանյալին առաջադրված ամբողջ մեղադրանքը հիմնված է միայն վկաների հակասական ցուցմունքների վրա։ Նման դեպքում, այսքան տարի կալանքի տակ մնալն անօրինական է և չհիմնավորված»,- նշեց Հոբոսյանը։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրանքի կողմը՝ առարկեց։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պատճառաբանեց, որ ազատության մեջ գտնվելով, ամբաստանյալների կողմից կշարունակվեն ճնշումները վկաների նկատմամբ, ինչն էլ կարող է նոր միջնորդությունների առիթ հանդիսանալ․

«Ժամկետների ձգձգումը չի կարող դրվել միջնորդության մեջ։ Բացի դրանից, փաստենք, որ դատական նիստերը հետաձգվել և ձգձգվել են պաշտպանական կողմի բացակայությունների և անհիմն միջնորդությունների պատճառով»,- իր խոսքում ասաց Անի Թորոսյանը։

Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, միջնորդության մասին կարծիք արտահայտելուց առաջ հիշատակեց Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ դատապարտելու փոխարեն, նրան դափնիներով ողջունեցին։ Նա դատավարական կողմերին հիշեցրեց, թե տարիներ առաջ ինչպես էին Ազարյանի ծնողները ցանկացել հանդիպել գործով անցնող Նորիկ Օհանջանյանի հետ և «ստիպել փոխել ցուցմունքները»․

«Բոլորիս ներկայացությամբ Օհանջանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն զանգեր են եղել, իսկ դատարանի այն հարցին, թե ինչ էին ուզում զանգի հեղինակները, Նորիկն ասեց՝ դե պա՞րզ չի, ուզում էին ցուցմունքներս փոխեի։ Էսքանն իմանալով, պետք ա իրենք ազատության մեջ չհայտնվեն»,- դատարանին դիմեց Բարսեղյանը։

Զարմանալիորեն այսօր դատարանում խոսեցին նաև ամբաստանյալները։ Վերջիններս գրեթե միշտ ձեռնպահ էին մնում արտահայտվել, նախընտրելով իրենց խոսքը փոխանցել պաշտպանների միջոցով։

Մովսես Ազարյանը, անդրադառնալով Արկադի Բարսեղյանի հիշատակմանը, հաստատեց, որ իր ծնողները հանդիպում են խնդրել Նորիկ Օհանջանյանից, սակայն ոչ թե ցուցմունքների համար, այլ որ հարցնեն և պարզեն, թե այդ օրն ինչ է եղել 408 ննջարանում, ի՞նչ է տեսել Օհանջանյանը։

«Ասում եք՝ իբր ես եմ կեղծել Հայկազի ձեռագիրն ու գրել երկտողը, բայց չե՞ք մտածում, թե ոնց կարա 18 տարեկան երեխեն գնա մարդ սպանի, ձեռագիրը կեղծի ու 10-20 հոգի չկարողանա ապացուցել էդ։ Ես էլի եմ ասում՝ կապ չունեմ, ես չեմ սպանել ոչ ոքի»,- նշեց ամբաստանյալ Ազարյանը։

Իրավիճակը գնալով լարվում էր, սպանված կուրսանտի հայրը տեղում անհանգիստ շարժումներ էր անում, պարբերաբար մեկնաբանելով Ազարյանի խոսքը։ Խոսքի իրավունք խնդրեց նաև Վաչե Սահակյանը։ Նա էլ իր հերթին հայտարարեց, որ «վափշե կապ չունի» սպանության հետ․

«Առերեսումների ժամանակ ես ինձ ագրեսիվ եմ պահել․․․Գալիս աչքերիս մեջ էին նայում ու մեղադրանք շառ անում, զրպարտում, էն դեպքում, որ ես դրա մեջ չկամ։ Չէի կարող ուղղակի հանգիստ նստել։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ կապ եմ ունեցել դեպքի հետ»։

Մինչ խորհրդակցական սենյակ գնալը, դատավորը ևս մեկ անգամ մեղադրանքի կողմից հետաքրքրվեց, թե ամբաստանյալների խափանման միջոցի փոփոխումը քրեական գործի ո՞ր հատվածը կարող է խոչընդոտել։ Դատախազ Հարությունյանը նորից կրկնեց, որ դեռևս չի ավարտվել միջնորդությունների փուլը, ուստի ազատության մեջ հայտնվելը կարող է կտրուկ փոխել դատավարական ընթացքը և առաջ բերել վկաների «թարմ ցուցմունքները»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի խափանման միջոցի փոփոխման մասին դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Սպանված կուրսանտի հորը բավականին վրդովեցրել է պաշտպանական կողմի նման միջնորդությունները։ Նա «աբսուրդ» է համարում ամբաստանյալների խափաման միջոցի փոփոխությունը․

«Ո՞նց կարող են նման դաժանությամբ սպանողներին ազատ արձակել, ո՞նց կարող են  միտումնավոր մտնեն 19-ամյա երեխուն դաժանորեն սպանեն ու ազատ լինեն։ Հանցագործներին չի կարելի ազատության մեջ թողնել»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest