«Բալայանը պետք է անհանգստանա բանակում տեղի ունեցող կյանքի իրավունքի և խոշտանգումների դեպքերի չբացահայտման համար, որովհետև տարիներ շարունակ այս դեպքերը շարունակվում են և արդյունավետ քննություն չի իրականացվում»,-այսօր այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան  Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով ՊՆ փոխնախարարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը անդրադառնալով բանակում, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, նշել էր, որ իրավապաշտպանները քայքայիչ գործութնեություն են իրականացնում․

«Իմ պատկերացմամբ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք․ կարծում եմ, որ իրավապահ մարմինները շուտով կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,-ասել է նա։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան  Արա Ղարագյոզյանը նկատում է, որ տարիներ շարունակ իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներ եղել են և միշտ փորձ է կատարվել լռեցնել իրավապաշտպաններին

«Զարմանալի է, որ հեղափոխությունից հետո դեռ նման վերաբերմունք կա, ավելին, երբ զորամասում, զորքի դիմաց զինվորն ինքն իրեն կրակում է մեղավոր են իրավապաշտպաննե՞րը․ զարմանում եմ, որ դեռ նման պաշտոնյաներ կան»,-վրդովված ասաց Արա Ղարագյոզյանը նկատելով, որ ըստ ՊՆ-ի՝ իրավապաշտպաններն են մեղավոր, որ բանակում քրեական ենթամշակույթ կա։

Փաստաբան Ղարագյոզյանը հարց բարձրացրեց՝ երբ հինգ տարի առաջ զինծառայող Արթուր Հակոբյանը դաժան խոշտանգումների էր ենթարկվել բանակում ու հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերել, այդ ժամանակ Գաբրիել Բալայանը ինչո՞վ էր զբաղված․

 «Մինչ օրս պայքարում ենք, որ այս զինվորը թոշակ ստանա, որովհետև այդ դեպքը բանակում է եղել, սևազգեստ մայրերին, երբ նախկին իշխանության օրոք ոստիկանները փողոցում քարշ էին տալիս, հետաքրքիր է՝ Գաբրիել Բալայանը ինչո՞վ էր զբաղված։ Այսինքն՝ այս ամենի մեղավորը իրավապաշտպաննե՞րն են»։

Փաստաբանն արձանագրում է, երբ իրավապաշտպանների բարձրացրած խնդիրները այսպես ցավոտ են ընդունվում, նշանակում է՝ իրավապաշտպանների դիտարկումներն ընդունելու, քայլեր ձեռնարկելու փոխարեն ցանկություն չունեն փոփոխություններ անելու․ «Փոխնախարարը ցավագին է ընդունում իրավապաշտպանների գործունեությունը՝ քայքայիչ համարելով, ինչն անընդունելի է»։

 Արա Ղարագյոզյանը նկատում է, եթե զինվորը ունեցել է առողջական խնդիրներ, ապա ինչո՞ւ է զորակոչվել բանակ, կամ եթե զորամասում է մահվան դեպք գրանցվել, ինչո՞ւ պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել․

 «Ակնհայտ է մի բան, որ պետության պոզիտիվ պարտականությունը կա զինվորի կյանքի նկատմամբ և անտրամաբանական է, որ երբ խոսք է գնում այդ 13 դեպքի մասին, նրանք շեշտում են, որ դրանք ոչ թե ինքնասպություններ են, այլ առողջության հետ կապված մահվան դեպքեր են։ Ինձ համար ցավալի էր, երբ ըստ իրենց վարկածի՝ զինվորն ինքնասպան է եղել շարքի դիմաց»,- ասաց  փաստաբանը։

Արա Ղարագյոզյանը հիշեցրեց, որ նման դեպքերից հետո ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե բանակը ուժեղների համար է․

«Սա պարզապես ապտակ էր զինծառայողների ընտանիքների համար, որոնք առնչվել են նման հանգամանքների հետ։ Ի՞նչ է նշանակում՝ բանակը ուժեղների համար է, այսինքն՝ ով ֆիզիկապես կամ հոգեպես թույլ է, պետք է բանակ չզորակոչվի՞։ Եթե թույլերն են զորակոչվել բանակ, ՊՆ-ն պետք է նրանց ուժեղացնի չէ՞, եթե մարդը թույլ է, ուրեմն նվաստացումների՞ պետք է ենթարկվի ուժեղների կողմից»,- ասաց Արա Ղարագյոզյանը։

Թե ինչո՞ւ է նման հայտարարություն արվում ՊՆ փոխնախարարի մակարդակով և ինչ նպատակ է հետապնդում հայտարարությունը, իրավապաշտպաններ չգիտեն, սակայնպնդում են, որ տարիներ շարունակ իրենք թիրախավորվել են և անվանարկվել․

«Տարիներ շարունակ իրավապաշտպանները թիրախավորվել են, անվանարկվել են հատկապես բանակի հետ կապված խնդիրները բարձրաձայնելիս։ Անավնվել են ՝ «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ», «պետականության հիմքերը խարխլողներ», «պետականության դեմ գործունեություններ ծավալողներ» և այլն»,-նկատում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

Վերջինս նկատում է, որ նման  մոտեցումը նաև որդեգրվել է իրավապաշտպանների կոշտ քննադատությունը պետական տարբեր կառույցների և հատկապես բանակի նկատմամբ, որովհետև դա փոքր ինչ ավելի փակ կառույց է և հաճախ՝ այն տեղեկատվությունը, որը պետք է բաց լիներ հանրությանը չի հասնում։

«Այնպես որ մեծ փոփոխություն չեմ տեսնում, որպեսզի վերագրեմ այն անհատին այդ արտահայտությունները։ Այսինքն, կառույցը մշտապես ունեցել է որոշակի վախ իրավապաշտպաններից, ինչը դրսևորվել է տարբեր նմանօրինակ արտահայտություններով»,-նկատում է իրավապաշտպանը։

Զառա Հովհաննիսյանի կարծիքով փոխնախարարի մակարդակով նման հայտարարությունն առաջին հերթին ինքնապաշտպանական ռեակցիա է՝ չճանաչել խնդիրը, չփորձել գտնել լուծման ճանապարհներ և չվերլուծել խորությամբ, թե ինչից է գալիս խնդիրը՝ մահացությունների այդ բարձ ցուցանիշը։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ  Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ ՊՆ փոխնախարաը հայտարարության միջոցով հասարակության մեջ լուրջ անվստահություն է առաջացնում իրավապաշտպանների նկատմամբ․

«Այն նույն ավանդույթները, ինչ հին իշխանությունները օգտագործում էին, շարունակվում են հատկապես ուժային կառույցներում, այդ համակարգը փակ է, որպեսզի վերահսկողություն չլինի քաղաքացիական հասարակության կողմից, և նման մանիպուլատիվ գործողություններով շատ հեշտ հասարակության համար լեգիտիմացնում են համակարգի փակ լինելը»,- ասաց նա։

Էդգար Խաչատրյանն ասում է, որ իրավապաշտպաններին են հաճախ ներկայացնում հակահեղափոխական, իբր թե չեն աջակցում կառավարությանը և բարձրացնում են հնարված խնդիրներ, գույները իբր խտացնում են․

«Երբ բանակում դրության քրեական ենթամշակույթի վրա է դրվում պատասխանատվությունը, նշանակում է՝ չկա պատասխանատու։ Փոխարենը պետք է դրվի պատասխանատվությունը կոնկրետ մարդկանց վրա, որոնք պատասխանատու են քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցման վրա։ Հենց այդ հրամանատարական անձնակազմը շատ լավ օգտվում է այդ քրեական ենթամշակույթից, որ կարողանան կարգուկանոն հաստատել, որպեսզի կարողանա իրենց մտածած հարաբերությունները կարգավորել զորամասերում։ Կամ երբ խոսում ենք սպայի արժանապատվության մասին, ասում են՝ երբ խոսում եք խնդիրներից, ատելություն եք սերմանում սպայի նկատմամբ կամ նվաստացնում եք նրա պատիվը, բայց սպայի պատվի առաջին պահողը հենց սպան է։ Եթե ես ականատես եմ եղել, երբ սպան խոշտանգում է զինծառայողին, ինձ արդեն հետաքրքիր չէ՝ դա սպա էր, թե նախարարության ներկայացուցիչ»,-ասում է նա, հեվելելով, որ սպայի պատվի վրա շեշտադրում դնելը, որոշակի լսարանի վրա ազդելու միտում ունի։

Pin It on Pinterest