Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, այսօր սկսվեց դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Այսօրվա դատական նիստին Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը հայտնեց, որ գործի նյութերին ծանոթ չէ եւ միջնորդեց այն հետաձգել: Նիստին ներկա էր նաև Աղամալ Հարությունյանը: Վերջինս առարկեց տեսանկարահանմանը, ինչպես նաև չպատասխանեց լրագրողների հարցերին։

Դատարանում էր նաև Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Եթե գործը վերաբացելու մասին որոշում կայացվի, ամենայն հավանականությամբ, նա կներգրավվի որպես տուժողի իրավահաջորդ: Նշենք, որ նախկինում Պողոս Պողոսյանի իրավահաջորդը եղել է Սամվել Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, վերջինս, սակայն մահացել է:

Սամվել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետամուտ են լինելու, որպեսզի տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հայտնեց նաև, որ սրճարանում տարիներ առաջ տեղի ունեցածին, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, մասնակից է եղել ոչ միայն Աղամալ Հարությունյանը, այլ շուրջ 8 անձ, որոնց ինքը չի ճանաչում:

Պողոսյանը քիչ հավանական համարեց, որ վերը նշված անձինք կարող էին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի՝ սեփական նախաձեռնությամբ Պողոս Պողոսյանին պատժել, սակայն չպնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը հենց սպանելու հրահանգ է տվել այդ անձանց:

«Ես կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքն ասել, կարծում եմ՝ առանց նրա հրամանի չէին կարող իրականացնել: Առանց հրահանգի չէին գնա»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առնչության առթիվ հարցին՝ ասաց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ հավելելով, որ չի կարող ոչինչ բացառել, սակայն հավանականությունը շատ քիչ է, որ սեփական նախաձեռնությամբ նման բան անեն:

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը ափսոսանք էր հայտնել՝ հայտարարելով, որ «եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար»: 

«Նախագահը էն ժամանակ էլ հեռուստացույցով ինչ- որ բաներ ասել է, որ եթե կենդանի լիներ, մի երկու բան էլ ավելի կուզեի ասել: Թող գա, տեսնենք ինչ էր ուզում ասել»,-այսօր ասաց սպանվածի եղբորորդին: Նա ակնկալում է, որ հրաման տվողների մասով գործով ևս բացահայտում կլինի: «Միանշանակ, եթե հրաման տվող եղել է, ուրեմն պետք է պատժվի: Եթե չի եղել, բնականաբար մարդուն չենք պահանջում պատժել»,-ասաց նա:

2001 թվականին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի, նրան ծեծի էր ենթարկել Աղամալ Հարությունյանը սրճարանի զուգարանում։

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Այժմ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։

Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest