«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել և ծեծի են ենթարկել Ալավերդու հեղինակավոր գործարար, ճանաչված Վահագն Աբգարյանին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պատճառով այսօր հետաձգվել է նրա գործով դատական նիստը։ 

Տեղեկությունը, որը Forrights.am-ին հայտնեց Սպիտակի դատարանին մոտ աղբյուրը, նախ, փորձեցինք ճշտել Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանից: «Որտեղից իմացա՞ք», — նախ հարցրեց փաստաբանը: Ապա ասաց. «Ես հաստատում եմ, որ Վահագ Աբգարյանը հիվանդանոցում է: Այո, նրան տարել են հիվանդանոց»:
Ծեծ և դանակահարություն եղե՞լ է: «Ինքը ինձ չի ասել նման բան: Նա ինձ ասել է, որ ընկել է, չգիտեմ», — ասաց փաստաբանը: Նրա վրա վերք կա՞: «Տեսանելի վերք չկա», — պատասխանեց Աբգարյանի պաշտպանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել, ասելով, որ իր պաշտպանյալն իրեն այսքանն է ասել։

Իրավապահները դեպքի մասին լռություն են պահում։ Ոստիկանությունից հայտնում են, որ քրեակատարողական վարչությունը պետք է տեղեկություն հայտնի, Քննչական կոմիտեի խոսնակը խորհուրդ է տալիս․ «Դիմեք ոստիկանություն»։

Իսկ քրեականատորաղան վարչության խոսնակ Նոնա Նավիկյանը հերքում է, որ ծեծ ու դանակահարություն է տեղի ունեցել։ Ըստ նրա, Աբգարյանը, որն, ի դեպ, հաղթանդամ ու պինդ տղամարդ է, խցում ընկել է և վնասել է:

«Կալանավորված անձ Վահագն Աբգարյանի դանակահարության հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վ. Աբգարյանը 24.02.2020թ. խցում վատ է զգացել և վայր ընկել։ Մեկ օր անց գանգատներ է ներկայացրել դեռևս տարիներ առաջ իր նկատմամբ կատարված մահափորձի արդյունքում ձեռքի շրջանում ստացած վնասվածքի ցավերից, ինչի կապակցությամբ տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն համապատասխան հետազոտության։ Վայր ընկնելու հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր», — հայտնում է Նոնա Նավիկյանը։

 Այսօր երկար ընդմիջումից հետո Լոռու մարզի ընդհանուր  իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում պետք է շարունակվեր Վահագն Աբգարյանի գործով դատավարությունը, և չշարունակվեց։ Վերջին նիստն այս գործով տեղի է ունեցել հունվարի սկզբին։ Գործով ամբաստանյալները արդեն երկու տարուց ավելի է, բանտում են։ Ամառվանից դատարանում միևնույն՝ ապացույցների հետազոտման փուլն է։ 

Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և իր համաքաղաքացի, կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Դավթյանը խոստովանել է սպանությունը և այժմ ամբաստանյալի աթոռին է, սակայն չի  ընդունում, որ սպանել է Աբգարյանի պատվերով։ 

Դատախազության վարկածից կարելի է հետևություն անել, որ պատվերով սպանությունն, անուղղակի ապացույցն է այն բանի, որ Փիրուզյանի սպանությունը Ալավերդում երկու խմբերի՝ Տարոն Աբգարյանի և Վահագն Աբգարյանի կողմնակիցների միջև ծավալվող արյան վրեժի շարունակությունն է։ Եթե այդպես է, ուրեմն, քննության առարկա պետք է դառնար վրեժի ողջ շղթան։ Սակայն տպավորություն է, որ քննչական մարմինը ի սկզբանե, 2017 թվականից, երբ սպանվեց Փիրուզյանը, կենտրոնացած է միայն մեկ կողմի վրա և ստվերում է թողնում Տարոն Աբգարյանի և նրա խմբի գործողությունները։

Գործը քննել է Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայում  նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest