Ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել

Տեղեկանքն ամփոփում է 2019 թվականի ընթացքում առցանց ԶԼՄ-ներից կողմից արձանագրված ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Մարդու իրավունքների խախտման դեպքերի հավաքագրման նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության ու Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը:

Որպես հետհեղափոխական տարի՝ 2019-ն ընդհանուր առմամբ հանգիստ էր՝ հանրային միջոցառումների առատության ու բազմազանության տեսակետից: 2019 թ.-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 90 դեպք: Համեմատության համար նկատենք, որ 2015 թ.-ին արձանագրվել է  մարդու իրավունքների խախտման 304 դեպք, 2016թ.-ին` 338 դեպք, 2017թ.-ին՝ 107 դեպք, 2018 թ.-ին՝ 181 դեպք

Հաշվետու տարվա 90 դեպքերից 49-ը եղել են հանրային միջոցառումների ընթացքում և դրանց հետևանքով, 41-ը՝ անհատական բնույթի:  

Ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման անհատական դեպքերի և հավաքների կամ հավաքներին մասնակցելու արդյունքում արձանագրված իրավունքների խախտման դեպքերի համեմատությունը 2015-2019 թթ.-ին

Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ անհատական բնույթի դեպքերը, որպես կանոն, պատշաճ չեն հրապարակայնացվում պատասխանատու մարմինների կողմից, ինչպես նաև համարժեք  չեն լուսաբանվում։ 

Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, ինչպես և նախորդ մշտադիտարկվող տարիների ընթացքում։ 

Չնայած հաշվետու տարում  իրավախախտման դեպքերը նվազման միտում են արձանագրել, այդուհանդերձ, ոստիկանության գործողությունները արմատական փոփոխության չեն ենթարկվել: 

Չնայած ոստիկանության վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած կարծիքներին, ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ, ընտրողական, ազատություն սահմանափակող, իրավական որոշակիության սկզբունքին հակասող, անկանխատեսելի։ Ոստիկանությունը նաև անգործություն է դրսևորել մի շարք իրավիճակներում, որոնք պահանջում էին նրանց միջամտությունը։

Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո ոստիկանությունը շարունակում է՝

  • կոծկել  խոշտանգման դեպքերը և անպատիժ թողնել մեղավորներին
  • չապահովել հաշվետու և թափանցիկ գործելակերպի սկզբունքները
  • ապօրինի և առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել անձանց և հաշվառման մատյանում ճիշտ չգրառել բերման ենթարկելու ժամը 
  • օգտվել քաղաքացիական հագուստով անձանց ծառայություններից և խախտել անձանց հավաքների ազատության իրավունքները 
  • կամայականորեն խոչընդոտել  հանրային միջոցառումները
  • չպահպանել իրավական որոշակիության սկզբունքը, երբ մի դեպքում անձին բերման են ենթարկում սպառնալիք հնչեցնելու համար, բայց ոստիկանության բաժանմունքում հայհոյող անձի գործողությունները չեն կանխվում՝ հետագայում նրա գործողություններին, իբր, իրավական գնահատական տալու հիմնավորմամբ
  • հակասական հիմնավորումներ ներկայացնել նույնաբնույթ հրապարակային ակցիաների մասնակցիներին. օրինակ՝ դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ
  • շարունակում է անձանց ցույցից առաջ և հետո բերման ենթարկելը, գիշերով տներ ներխուժելը
  • անձանց արժանապատվությունը նվաստացնելը, դա տեսագրելն ու տարածելը
  • անձանց թիրախավորելն՝ ըստ որևէ հատկանիշի, օրինակ՝ «հաստավիզ» կամ սևազգեստ լինելու

Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եզրակացնում է՝ ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել, այն շարունակում է գործել՝ չպահպանելով իրավական որոշակիության և իրավական  կանխատեսելիության սկզբունքները։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Pin It on Pinterest