«12 տարի համատեղ կյանք ենք ունեցել։ Ամուսնությունից մեկ տարի հետո սկսվել ա ֆիզիկական բռնությունը, դե իսկ հոգեբանական բռնությունն ամուսնությունից ամիսներ առաջ էր դեռ սկսվել։ Միամիտ էի, չէի ուզում մտածել, որ դա հենց բռնություն ա։ Անգամ փորձեցի ինտերնետում փնտրել «հոգեբանական բռնություն», մտածում էի՝ կարող ա ես եմ սխալ հասկանում տերմինը։ Ու էնքան թույլ էր էդ նկարագրությունն իմ ապրածի հետ համեմատած․․․»։

«Ինչքան ուզում ա տրամադրություն չունենայի, կապտուկների մեջ լինեի, փողոցում իր հետ քայլելուց ես պետք ա ժպտայի»

37-ամյա Նաիրա Հարությունյանն ամուսնու՝ Համլետ Հայրապետյանի հետ կյանքը կապել է 25 տարեկանում՝ հինգ տարի ընդհանուր շրջապատում միմյանց ճանաչելուց հետո։ Սակայն, թե ուր է ընկել, հասկացել է հենց հարսանիքի հաջորդ օրը։ Երջանիկ օրվա հաջորդ առավոտը Նաիրային սկսել են պիտակավորել, ծաղրել, ապա՝ արգելքներ դնել նրա առաջ․

«Հարսանիքի հաջորդ օրը ամուսինս ու սկսեսուրս իրար հետևից մտան սենյակ ու հրամայեցին՝ 3 տարի ոչ գնում ես ձեր տուն, ոչ էլ ձերոնց ես զանգում։ Իբր, որ մեր տնից կտրվեի։ Ապշած էի, չհամաձայնվեցի, բայց այնպես արեցին, որ ամիսը մեկ էի կարողանում զանգել կամ տեսնվել ծնողներիս հետ, չնայած, էն վիճակում էի անընդհատ լինում, որ չէի ուզի անգամ ծնողներս ինձ տեսնեին»,- Forrights-ին պատմում է Նաիրան

Ֆիզիկական բռությունն ուղեկցվում էր նվաստացումներով ու վիրավորանքներով, ինչին, սակայն, Նաիրան դիմանում էր, քանի որ վախենում էր ամուսնուց։ Ծեծի էր ենթարկվում անգամ հղիության վերջին ամիսներին։ Ամուսինը, ով ընդամենը 1 տարի էր մեծ նրանից, ի պատասխան՝ «յուրահատուկ» վարքագիծ էր պահանջում կնոջից․

«Ինչքան ուզում ա տրամադրություն չունենայի, կապտուկների մեջ լինեի, փողոցում իր հետ քայլելուց ես պետք ա ժպտայի, որ կողքինները մտածեին, թե ինչքան երջանիկ կին եմ, թե ամուսինս ինչքան լավն ա, որ կողքի կինը ժպտում ա։ Անպայման պետք ա իրեն «ջան»-ով դիմեի, ժպտայի ու․․․Թերարժեքության խիստ պակաս ուներ»։

Տան «ասողը» սկսեսուրն էր, ընտանիքը նրան էր ենթարկվում։ Վերջինս կարող էր անգամ տան տատիկին թևից բռնել ու դուրս շպրտել։ Մի օր էլ հերթը հասավ նրանց ընտանիքին՝ սկեսուր մայրիկն ուղղակի վերցրեց ու դուրս արեց նրանց տանից։ Այդ միջավայրից հեռու մի քանի ամիսները, Նաիրայի նկարագրմամբ, ամենահանգիստ ու երջանիկ ժամանակահատվածն է եղել իրենց ամուսնության, սակայն հետո ամեն ինչ կրկին սկսվել էր․․․

Հարվածներից դեմքը դեֆորմացվել էր և մի կողմի վրա ծռվել

«2014 թվականն էր, տղաս հիվանդացել էր, Համլետին խնդրում-աղաչում էի, որ գնա դեղ բերի։ Մտավ տուն, էդ ձայնից շրջվեցի ու բռունցքով ուժեղ հարվածներ սկսեց տեղալ դեմքիս ու մարմնիս։ Ընկերները տանից մի քիչ էին հեռու, ցավից գոռում էի, բայց, դե իմ ձայնը չպետք ա իրենք լսեին։ Շրջվեց, որ մի հատ էլ խփի՝ իբր՝ ձայնդ կտրի, դեմքս տեսավ ու արագ հետ գնաց, սկսեց գլուխը պատերին խփել։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում»։

Համլետը Նաիրային հրամայում է արագ գնալ լվացվել։ Միայն բաղնիքում է կինը տեսնում, որ հարվածներից դեմքը դեֆորմացվել է և մի կողմի վրա ծռվել։ Ամուսնու ընկերը նրանց արագ տեղափոխում է հիվանդանոց, որտեղ ճանապարհին, մեղավոր զգալու փոխարեն, Համլետը բողոքում է, որ անիմաստ տեղը քաղմասի ձեռքն է ընկնելու։

Բուժօգնություն ստանալուց և մի շարք թղթեր պարտադրաբար ստորագրելուց հետո նրանք վերադառնում են տուն, սակայն ստորագրված թղթերում ամուսնու «բռնուցքների հարված»-ին փոխարինում է «անփութության հետևանքով լոգարանի հատակին ընկել»-ը։ Արդեն տանը, երբ ոստիկաններ են այցելում «Իրենց ուզածով գրեցի ու գնացին։ Հասկացա՝ գործը փակում են»։

«Մա՛մ, էն որ դանակը դրել էր վզիդ, էդ պատմի»

Դեպքին հաջորդող տարվա ընթացքում Հալետը խուսափում էր ձեռք բարձրացնել Նաիրայի վրա, սակայն դա երկար չտևեց։ Forrights-ի հետ զրույցի ընթացքում այս միջադեպի մասին մորը հուշեց 8-ամյա տղան․

«Մա՛մ, էն որ դանակը դրել էր վզիդ, էդ պատմի»,- մեր ներկայությամբ Նաիրային դիմեց տղան։

Մոր պատմելով, տղայի հիշողության մեջ մինչև օրս թարմ է այդ միջադեպը, հաճախ է հիշում, թե ինչպես երեխաների ներկայությամբ Համլետը դանակը դրել էր իր պարանոցին ու սպառնում էր մորթել։ Աղջիկը, ով այդ ժամանակ 10 տարեկան էր, սկսում է ճչալ, իսկ տղան՝ վախից կծկվում է տան անկյունում ու ձայն չի հանում։ Համլետը սթափվում է, սակայն, միայն այդ օրը․․․

Վախը հաղթահարելու ուժ Նաիրան գտնում է միայն 2017 թվականին։ Իր և երկու երեխաների իրերը քիչ-քիչ հայրական տուն տեղափոխելով, մի օր նա հեռանում է Համլետից, փոխում երեխաների դպրոցն ու սպասված խաղաղությունը գտնում։ Սակայն, միայն երեք ամիս։

Համլետը սկսում է պարբերաբար այցելել դպրոց՝ աղջկան տեսնելու, իսկ մի օր էլ ուղղակի դպրոցից տանում է և այլևս չի բերում․

«Երեք օր դպրոց չտարավ, չթողեց ինձ հետ կապ հաստատի, ոստիկանները գնում-գալիս ասում էին՝ երեխադ շատ հանգիստ ա։ Երեք օր հետո աղջիկս եկավ դպրոց, արդեն շատ փոխված, ոնց որ ինչ-որ դեղերի ազեցության տակ լիներ, հայացքը, դեմքի արտահայտությունը, ոչ մի բան ինձ ճանաչելի չէր։  Ամուսինս աղջկաս ինձնից հեռացրեց էն դեպքում, երբ անընդհատ ասում էր՝տար, էսի մարդ չի դառնա, իմ վրա թող պատասխանատվություն չմնա․․․Հիմա իբր շատ են սիրում, աղջիկս իր համար դարձավ շատ կարևոր մարդ»։

«Ծնողներս իմ 12 տարվա տառապանքների մասին իմացել են միայն երկու տարի առաջ, ահավոր էր․․․»

Այսօր Նաիրան մոտ երկուսուկես տարի է, ինչ ապրում է ամուսնալուծվածի կարգավիճակով, սակայն այդ փաստը վկայող որևէ փաստաթուղթը չկա, դատական քաշքշուկի մեջ է գտնվում․

«Ըստ դատական պրոցեսների, աղջկաս վերաբերմունքը դեպի ինձ փոփոխվում ա։ Երեխուն ոնց ասում են, երեխան տենց էլ անում ա․ ասում են մորդ «ջան» ասա, «ջան» ա ասում, ասում են՝ «չոռ» ասա, «չոռ» ա ասում»։

Ամուսնուց հեռանալուց հետո Նաիրան դանակի սպառնալիքի մասին Ոստիկանությանն է հայտնում, որտեղ գործը մի բաժնից մյուս բաժինն են տեղափոխում։ Ապա, առանց իրեն տեղյակ պահելու, աղջկան ցուցմունքի կանչում, որտեղ դուստրը ժխտում է մոր խոսքերը։ Գործը կարճում են՝ բավարար հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։

Վճիռը բողոքարկվում է բոլոր ատյաններում, սակայն՝ մերժվում։ Ի վերջո, 2019 թվականի հուլիսի 9-ին Վճռաբեկ դատարանը Նաիրային տուժող է ճանաչում, սակայն դատական գործընթացները մինչ օրս ձգձգվում են․

«Քննիչն ասում ա՝ էն տպավորությւոնն ա, ոնց որ ամբողջ աշխարհը քո դեմ ա»։

Այսօր Նաիրան որդու հետ ապրում է հայրական տանը։ Գրեթե չի տեսնվում աղջկա հետ, շփումը շատ սահմանափակ է, աշխատում է դպրոցում, սակայն ամեն օր հույս հայտնում, որ մի օր երեխաները կմիավորվեն ու ամեն ինչ լավ կլինի․

«Ծնողներս իմ 12 տարվա տառապանքների մասին իմացել են միայն երկու տարի առաջ, ահավոր էր․․․Իմ համար նվաստացուցիչ էր ընդունել էն փաստը, որ ես թույլ եմ տվել էդքան տարի ինձ հետ նման կերպ վարվեն․․․»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest