Ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած նախկին զինծառայողն այսօր կրկին քայլում է

0
481

Զինվորական ծառայության ժամանակ ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած Հրանտ Հարությունյանն այսօր կրկին քայլում է։ Ամիսներ առաջ նա պրոթեզավորվել է և արդեն վերադառնում է իր նախկին կենսակերպին․

«Արդեն կամաց-կամաց հարմարվում է պրոթեզին, կարողանում է նորմալ քայլել։ Աջ աչքի 100 տոկոսն տեսողությունն էլ վերականգնվել է, մեքենա է գնել, պատրաստվում է վարորդական իրավունքի քննություն հանձնել, որ կարողանա վարել։ Փառք Աստծո, երեխես հունի մեջ է ընկնում։ Փետրվարից էլ դասի կգնա ու կշեղվի իր հետ կատարված իրադարձություններից»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Հրանտի մայրը՝ Նելլի Հարությունյանը։

Ամիսներ առաջ Forrights-ն այցելել էր Հրանտին և ներկայացրել, թե ինչ է կատարվել 2018 թվականի մայիսի 14-ին, ապա փաստել, որ Պաշտպանության նախարարությունը չի ցանկանում իր պարտավորությունները կատարել։ Զինկոմիսարիատում «չէին կարողանում» գտնել դեպքի կապը ծառայության հետ, քանի որ Արցախում քննիչները սխալ եզրակացություն էին տվել: Ըստ որի՝ ականի պայթյունը կապ չունի ծառայության հետ, իսկ միջադեպը Հրանտի անզգուշության հետևանքն է եղել։

Նրանք պարբերաբար Հրանտին ցանկանում էին զորացրել և զինվորական թոշակ նշանակելու փոխարեն քաղաքացիական թոշակ տրամադրել: Հարազատները դեմ էին այդ որոշմանը և դիմումներ էին հղել ինչպես Պաշտպանության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Մեր դիմումները, բողոքները, ձեր հրապարակումն ունեցավ իր արդյունքը։ Հիմնադրամը միանվագ մեզ տրամադրեց 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև նշանակեց զինվորական թոշակ և երկրորդ կարգի հաշմանդամություն»,- տեղեկացրեց տիկին Նելլին։

Այսօր Հրանտը պատրաստվում է մյուս ոտքի վիրահատությանը։ Պաշտպանության նախարարությունը նրանց ուղղորդել է վիրահատությունն իրականացնել «Մուրացան» հոսպիտալում, սակայն Հարությունյանները դեմ են։ Նրանք հիշում են, թե ինչպես այդ հոսպիտալի բժիշկը ոտքի չորս մատ կոտրված Հրանտին լիովին առողջ էր «որակել»․

«Նորմալ հիվանդանոց ենք տանելու, որ նորմալ վիրահատություն իրականացնեն։ Ոչ մի հոսպիտալ»,- ասում է տիկին Նելլին։

21-ամյա Հրանտ Հարությունյանը բանակ էր զորակոչվել 2018 թվականի հունվար ամսին՝ Արցախի ՊԲ-ի N զորամասերից մեկում: Ծառայության 16 ամիսների ընթացքում պարբերաբար մարտական հերթապահության է եղել դիրքերում: Մայիսի 14-ը, սակայն, եղավ վերջին հերթապահությունը…Մարտական հերթապահության ժամանակ ընկերոջն օգնության հասած Հրանտն ընկավ ականապատ տարածք․

«Ես տեսա, որ Գրիգորը գլորվում ա: Զրահաբաճկոնս ու սաղավարտս արագ հանեցի ու վազեցի դեպի իրեն: Մեկ էլ ոտքս տարօրինակ փոսի մեջ ընկավ՝ առանց խոտի տեղ էր: Ուզում էի հետ քաշել, զգում էի՝ չեմ կարողանում, ոտքս դնեցի վրեն՝ մի հատ զրնգոց եկավ ու հասկացա, որ արդեն մեջքի վրա պառկած եմ: Բարձրանում եմ արմունկներիս վրա, նայում եմ ոտքիս, տեսնում՝ կրունկիս հատվածը չկա, էդ պահին երկրորդն ա տրաքում ու աչքերս արդեն փակվում ա»,- ամիսներ առաջ Forrights-ին էր պատմել Հրանտը:

Պայթյունի հետևանքով բազմաթիվ վնասվածքներից բացի, Հրանտը կորցրել է աջ ոտքն ու ձախ աչքն ամբողջապես, լուրջ վնասել նաև ձախ ոտքը։

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվել: Ասել են՝ շնորհակալ եղեք:

«Եթե ընկերը զոհվեր, ինքն ի՞նչ խղճով էր ապրելու: Ասում են՝ Ձեր երեխան հերոս ա, բայց…Բոլորը բանավոր կերպով լավ հասկանում են, բայց դե մեկ ա հիմք ա ընդունվում գրավորը, ասում են՝ հասկանում ենք, գիտենք, բայց էս ա օրենքը, ինչ անենք»:

Այսօր Հրանտը չի ափսոսում, որ անձնվիրաբար նետվել է ընկերոջն օգնելու։

«Եթե հիմա էլ նույն իրավիճակը լիներ, էլի կգնայի օգնելու…հա-հա, հաստատ, առանց մտածելու»:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here