Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ցուցադրական խորհրդակցություն է անցկացրել դատախազների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների, ՊՆ նախարարի մասնակցությամբ: Թեման ընդհանուր էր Դավթյանի և Տոնոյանի համար՝ հանցավորությունը զինված ուժերում, քննությունների էֆեկտիվության բարձրացումը:

Ակնհայտ է, որ խորհրդակցությունն այս փորձ էր փրկելու զինդատախազության և պաշտպանության նախարարի հեղինակությունը:   Հատկապես լուրջ վնաս հասցրեցին նախարարի և զինդատախազների իմիջին զոհված զինծառայողների հարազատների, համագյուղացիների զանգվածային բողոքի ակցիաները:

Առաջինը զանգվածային բողոքի դուրս եկավ Արտաշար գյուղը, որտեղ ապրում էր սպանված եզդի զինծառայող Արթուր Աջամյանը: Մարդիկ մի քանի շաբաթ սպասել էին, սակայն քննության ընթաքից դժգոհ, հավաքվել են կառավարության, ԱԺ շենքերի մոտ: Փետրվարի երկուսին էլ ընդվզեց Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը: Գյուղացիները խորհրդավոր հանգամանքներում սպանված համագյուղացու՝ Վահրամ Ավագյանի դին առած, ուզում էին տանել պաշտպանության նախարարության շենքի մոտ, սակայն նախարար Տոնոյանը, շտապելով Հայթաղ, կանխեց իր համար ամոթալի այս ակցիան: Եւ ահա այս ֆոնին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը լավատեսական թվերի տարափ է լցնում հանրության գլխին: 

«2019 թվականին արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով…զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում», — արձանագրել են դատախազության վիճակագիրները: Այս թվերը նունքան արժանահավատ են, որքան ինքնասպանությունների վարկածները:

Սակայն բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները, ամփոփելով իրենց տպավորությունները 2019 թվականի վերաբերյալ, տարբեր հարցազրույցներում նկատել են, որ մարդու իրավունքների խախտումները, անպատժելիության մթնոլորտը բանակում շարունակում են տիրել: 

«Մենք ակնկալում ենք, որ պետք է համակարգային մոտեցում զինված ուժերում ծառայության կազմակերպման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, իրավունքների իրականացման ապահովման երաշխիքների տեսանկյունից», — կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիալաբ» կայքին:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը factor.am-ին տված հարցազրույցում փաստել է. «Ոչ մի դեպք չգիտեմ, որ բացահայտվի ու պարզվեն հանգամանքները։ Պաշտպանության նախարարությունը կյանքի գնով փակում է դեպքի հանգամանքներ։ Բայց կոծկելը ոչինչ չի փոխի և քննչական մարմինները ևս կոծկում են՝ ամենաանհավանական վարկածներն են առաջ քաշում»:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը տարօրինակ հանձնարարություն է տվել ենթականերին՝ զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը:

Սա նշանակում է, որ դատախազները հրահանգելու են քննիչներին իրենց մոտ բերել քրեական գործերով վկաներին: Սակայն ի՞նչ իրավական հիմք կա դրա համար,  ու ինչ երաշխիք, որ դատախազները իրենց հերթին ճնշումներ չեն իրականացնի վկաների վրա, ուղորդելով նրանց այս կամ այն ցուցմունքը տալ:

Մենք բազմաթիվ դեպքեր ունենք քրեական տարբեր գործերով, երբ վկաներին օրերով պահել են ռազմական ոստիկանությունում, ծեծել են, կամ հոգեբանական ճնշումների են ենթարկել:

Մահվան դեպքերի վարույթների մեծ մասով վկաների ցուցմունքները կրկնվում են: Մարտի 12-ին մարտական դիրքում սպանված շարքային Կարեն Կարապետյանի մահվան գործով մեղադրյալ Արտյոմ Գրիգորյանը զորամասում ավլող է եղել, մաքրության  պատասխանատու: Սակայն  նրա ծառայակիցները ցուցմունքներում գրել են, որ նա զորամասում հեղինակություն էր:  2017 թվականին սպանված Նարեկ Ադիբեկյանի գործով վկայություն տված զինծառայողները սկզբում ասել են, որ իրենք ոչինչ չգիտեն, սակայն ռազմական ոստիկանությունում 1-2 ամիս պահվելուց հետո նոր սկսել են ցուցմունքներ գրել:

 2018 թվականին սեռական բռնութնունների ենթարկված զինծառայող Կ-ն ամիսներ շարունակ պահվում էր զինվորական ոստիկանությունում:

Հոգեբանական ծանր Ճնշման տակ գտնվելով նա փոխել էր ցուցմունքըլ, սակայն դատարանում կրկին պնդել է նախնական ցուցմունքները: Բոլոր այս գործերով քննիչները կոպիտ խախտումներ, թերացումներ, կեղծիքներ են թույլ տվել, իսկ դատախազները հալած յուղի պես ընդունել են նրանց վարկածները և թերի քննված, կեղծիքով լի գործերն ուղարկել են դատարան:

Ամենայն հավանականությամբ, վկաներին ընդունելության կանչելով, նրանք ընդամենը լրացուցիչ լծակ կստանան քննություններն իրենց ուզած հունով տանելու համար: 

Սյուզան Սիմոնյան

Հ.Գ. Պաշտպանության նախարարն ու զինվորական դատախազը ամփոփել են իրենց համատեղ գործունեության աշխատանքի արդյունքները և դրանք գնահատել բարձր ու անթերի, չնայած որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակում արձանագրվել է մահվան 5 դեպք: Հատկապես բարձր է գնահատվել զինվորական հանցագործությունների բացահայտումը: Ուզում են ասել այսպես էլ շարունակելու ենք աշխատել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest