«Բավականին շատ են այն անձիք, ովքեր ազատ արձակվելուց հետո վերադառնում են քրեակատարողական հիմնարկ, քանի որ այնտեղ նրանց կենցաղի հարցը լուծված է, այդ բեռը պետության վրա է »,- այս մասին այսօր կրկին բարձրաձայնեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար կարևոր նշանակություն պետք է ունենան վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումը և վերասոցիալականացման գործուն համակարգի կայացումը։ Այդ մասին նշվում է նաև «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության» մեջ։

Ծրագրով պետությունը նախատեսում է ներդնել այլընտրանքային պատիժների  համակարգ և խափանման միջոցներ, ինչպես նաեւ բարձրացնել ազատությունից րկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը։

«Բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, սակայն վերականգնողական արդարադատության սկզբունքները կյանքի կոչելու և ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր է, որպեսզի իրականացված քայլերն առաջընթաց արձանագրեն ոչ միայն օրենսդրական կարգավորումների մակարդակում, այլև համապատասխան ծրագրերի և ընթացակարգերի միջոցով ապահովվի դրանց գործնական կիրառումը»,- նշում է Հովհաննիսյանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ը վերջերս զեկույց է ներկայացրել, որտեղ նշել է այն երեք կարևոր կետերը, որոնք անհրաժեշտ են վերասոցիալականացման համար։ Հովհաննիսյանի դիտարկմամբ դրանք են՝ արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, աշխատանքով ապահովվածությունը, կրթության կազմակերպման հնարավորությւոնը, ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու կարևորությունը և այլն․

«Ազատվելուց հետո իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները պետք է նպաստեն բանտային կյանքից հասարակություն անցմանը: Առաջին բարդություններից մեկը ապրելու վայրի բացակայությունն է, ինչին հաջորդում են աշխատանք և ֆինանսական եկամուտներ ունենալու հետ կապված խնդիրները: Ուստի անհրաժեշտ է պատժի կրման ժամկետի ավարտից առաջ քայլեր ձեռնարկել դատապարտյալի՝ հասարակություն հեշտ վերադարձը ապահովելու համար»։

Ըստ Հովհաննիսյանի՝ պետությունը պետք է ապահովի, որ դատապարտյալները ստանան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ունենան ապրելու վայր և աշխատանք, առաջին անհրաժեշտության հագուստ, բավարար միջոցներ՝ իրենց բնակավայր հասնելու և ազատվելուն հաջորդող ժամանակահատվածում իրենց ծախսերը հոգալու համար:

«Եթե այս ամենը չի ապահովվում, անձը, դուրս գալով ՔԿՀ-ից և բախվելով այդ խնդիրներին, հանցագործություն կատարելու և ՔԿՀ վերադառնալու գայթակղությունը մեծանում է»,- նշում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահը։

Հայաստանի քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով արդարադատության նախարարությունը 2019-2023 թվականների ռազմավարություն է մշակվել։

Նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանի խոսքով՝ սա առաջին ռազմավարությունն է, որը համապարփակ կերպով անդրադառնում է թե՛ քրեակատարողական, և թե՛ պրոբացիայի ոլորտներին՝ նախանշելով  առկա բոլոր խնդիրները։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝  վերոնշյալ վերլուծությամբ ամրագրված խնդիրները թիրախավորված են նաև ռազմավարության մեջ։  Մինչ խնդիրներին անդրադառնալը Արփի Սարգսյանը ներկայացրեց  վերջին տարիներին ոլորտում իրականացված առանցքային փոփոխությունները։

«Թե՛ օրենսդրական, և թե՛ գործնական մակարդակով բավական քայլեր արդեն հասցրել ենք անել, օրինակ արտաքին աշխարհի հետ կապի պահպանման առումով։ Այս ոլորտում  առանցքային փոփոխություններ ունենք»։

Ազատազրկման վայրերից դուրս եկած անձանց գործազրկության մակարդակը   Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ  Լիզա Ղիասյանը ներկայացնում է՝ ըստ 2018-ից մինչև 2019-ի հունիսն իրականացված վերլուծության արդյունքների։

«Ազատազրկման վայրերից վերադարձած և մեր տարածքային 51 կենտրոններին խորհրդատվության համար դիմած անձանց թիվը  74-ն է։ Նրանցից միայն 21-ն է հաշվառվել որպես աշխատանք փնտրող։ Աշխատանքի է տեղավորվել մեկը»։

Լիզա Ղիասյանի խոսքով, ազատազրկումից հետո կյանք վերադարձած մարդիկ ունենում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հոգեբանական, որի արդյունքում շատերը պարզապես մեկուսանում են, խուսափում են դիմել  զբաղվածության կենտրոններ, մեծ մասը վերադառնում է առողջական խնդիրներով, զգալի մասը չի ցանկանում  անգամ բնակվել  նախկին հասցեում, որպեսզի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։

«Մարդկանց նորմալ կյանք վերադարձնելու համար, այդ խնդիրները ևս պետք է լինեն պետության և հասարակության ուշադրության առանցքում»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest