Հունվարի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը նույն է թողել 2015 թ-ին «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրվող 4 բժիշկներից 2-ի՝  Տիգրան Սարգսյանի և Արամ Գրիգորյանի արդարացման դատավճիռը, մինչդեռ մահացածի հարազատները պնդում են, որ նաև նրանց անփութության և անգործության արդյունքում են ծննդկանն ու նրա երեխան մահացել:

Այս գործով նախ մեղադրանք էր առաջադրվել «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որը վարել էր Մերիի հղիության ընթացքը եւ  բժշկուհի Անի Բաբելյանին:

Ապա, դեպքից 3 տարի անց, մեղադրանք առաջադրվեց նաև բժիշկներ Տիգրան Սարգսյանին ու Արամ Գրիգորյանին: Նրանց սպառնում էր 2-6 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի՝ արդարացված Տիգրան Սարգսյանը  աշխատելով «Շենգավիթ» ԲԿ–ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

Արդարացված անեսթեզիոլոգ Արամ Գրիգորյանը նույնպես մեղադրվում էր այն բանի համար, որ դեպքի օրը հերթապահություն իրականացնելով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև՝ վերջինիս նորածնի մահը:

Աշնանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը անմեղ էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Վերաքննիչում երկու բժիշկներին արդարացրել են դատավորներ Արմեն Բեկթաշյանը, Մխիթար Պապոյանը և Արշակ Վարդանյանը: 

«Միանաշանակ ոչ արդարացի ենք գնահատում Վերաքննիչի որոշումը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի իրավահաջորդի պաշտպան Մարինե Թովմասյանը՝ հավելելով. «Մենք հիմնավորել ենք, որ իրենք դրսևորել են անգործություն, մեկը գինեկոլոգ է, մյուսը անեսթեզիոլոգ: Դատաբժշկական եզրակացությունը նույնպես կասկածի տեղիք է տվել»:

Ըստ պաշտպանի՝ արդարացման հիմք հանդիսացած դատաբժշկական փորձաքննությունը կասկածելի է, ուստի՝ տուժող կողմը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել Վերաքննիչի որոշման դեմ: Աղջկան ու թոռանը կորցրած Մերիի հայրը վերջերս մահացել է: Այժմ նրա իրավահաջորդ է դառնալու մայրը:

Պաշտպանը կարծում է, որ դատարանների նման որոշումները նաև օրենսդրական խնդրի հետևանք են: «Բժշկական ոլորտի պատասխանատվության օրենսդրությունը կաղում է: Բժիշկների պարտականությունների առումով օրենսդրական բացեր կան»,-ասաց Մարինե Թովմասյանը՝ հավելելով, որ խնդիր կա նաև դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված. «Բոլորն էլ մտածում են՝ էսօր եթե մյուսի վրա գրեն, վաղը իրենք կարող են էդ վիճակում հայտնվել»:

Նրա  խոսքով՝ իրենք արդեն ստացել են նաև մեղադրվող բժիշկներ Շուշանիկ Բախշյանի ու Անի Բաբելյանի գործով դատաբժշկական փորձաքննությունները և դրանք նույնպես վիճելի են: «Անհրաժեշտություն կա նորից փորձագետներին հարցաքննելու: Փորձաքննության մեջ կան լղոզված պատասխաններ, որոնք պետք է հստակեցվեն»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ փորձագետներին հարցաքննելուց հետո հնարավոր է պահանջեն կրկնակի փորձաքննություն:

Եթե դատարանը ներկայացված դատաբժշկական փորձաքննությամբ առաջնորդվի, պաշտպանը չի բացառում, որ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը ևս արդարացվեն:

Մարինե Թովմասյանը դատարանում միջնորդել է Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել առավելագույն պատժի: Իսկ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով: Դատախազը պահանջել է մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին նույնպես մեղավոր ճանաչել սույն հոդվածով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest