ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով առաջարկվում է չսահմանափակվել Քրեական օրենսգրքի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «ինքնասպանության հասցնելը», այլ նոր հոդվածներ մտցնել՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 6-9 տարի ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում, և  «Զինծառայողին անուղղակի դիտավարությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում, ընդհուպ մինչև 14 տարի ժամկետով:

Մինչդեռ այսօր գործող հոդվածով ինքնասպանության հասցնելը պատժվում է նվազագույնը՝ 3 և առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ։

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ և այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

«Մարդիկ ճանապարհ ու պատմություն են անցել, հասկանում են իրենց երիտասարդի արժեքը, իսկ ռուսական բանակում մարդը երբեք չի ունեցել արժեք, նույնն էլ, ասենք, Միջին Ասիայի, Ուկրաինայի համար է։ Հիմա Ուկրաինայում անցել են ՆԱՏՈ-ի չափորոշիչների, ու կարծում եմ, տարիքային ցենզը նույնպես կբարձրացվի», — այս մասին Forrights.am-ին ասել էր Վարդան Հարությունյանը։ Ըստ նրա՝ նման հեղափոխական օրինագիծ Հայաստանում երբևիցե չի առաջարկվել․ «Մոտ ապագայում չի էլ կարող լինել, քանի որ մեր բանակն այլ չափորոշիչներով է կառուցված», — կարծում էր իրավապաշտպանը։

Ինչու՞ հենց ինքնասպանությունների վերաբերյալ օրենքի դրույթները խստացնել, երբ հաճախ ինքնասպանություն են որակում սպանությունները։ Հարցին պատասխանելով, իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը  կոշտ բնորոշում է տվել․ «Այս նախագիծը օրինականացնում է այն սպանությունները, որոնք որակվում են որպես ինքնասպանություններ։ Քննչական կոմիտեն կոծկում է սպանությունները։ Կոնկրետ մեր կազմակերպությունը ունի 4 քրեական գործեր, որոնք հարուցված են ինքնասպանության հոդվածով ու ունենք անհերքելի ապացույցներ, որ դրանք ինքնասպանություններ չեն»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest