Նոյեմբերի 11-ին զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնող օրինագիծը, որի հեղինակը  Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է, արժանացավ կառավարության հավանությանը: Առաջարկվում է չսահմանափակվել Քրեական օրենսգրքի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «ինքնասպանության հասցնելը», այլ նոր հոդվածներ մտցնել՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 6-9 տարի ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում, և  «Զինծառայողին անուղղակի դիտավարությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում, ընդհուպ մինչև 14 տարի ժամկետով:

Մինչդեռ այսօր գործող հոդվածով ինքնասպանության հասցնելը պատժվում է նվազագույնը՝ 3 և առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ։ Նաիրա Զոհրաբյանն իր այս նախագիծն առաջարլելով, ելնում էր հետևյալ վիճակագրությունից, որը ներկայացնում է իր հարցազրույցներում․ «2018 թվականին մենք 11 ավելի դեպք ենք ունեցել, այսինքն՝ միջինացված տարեկան ինը-տասը դեպք ինքնասպանության, ինքնասպանության դրդման մենք ունենում ենք»:

Նա կարծում է, թե օրենքի խստացումը զսպող ազդեցություն կունենա և կկանխի զինվորների նվաստացնելու, կանոնադրական խախտումների դեպքերը հայկական բանակում։

Օրինագիծն այս արդեն տարակարծություններ է առաջացրել իրավապաշտպանների շրջանում։ «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ն ղեկավար, իրավապաշտօան Վարդան Հարությունյանը համարում է, որ քրեական օրենսգրքի փոփոխությունն ինքննին հարցի լուծում չէ։ Օրենքով, դաստիարակչական մեթոդներով, խստություններով ինչ-որ բան կարելի է անել, բայց խնդրի լուծման համար հեղափոխական մոտեցում է պահանջում։

«Վստահ եմ, որ ինքնասպանությունների մեծ մասը, եթե ոչ 100 տոկոսը կապված են ոչ կանոնակարգային հարաբերությունների հետ։ Դրա թիվ մեկ պատասխանատուն վերին ու ներքին հրամանատարական կազմն է, հատկապես ներքին։ Դա մեղմել գուցե կարելի լինի, բայց վերացնել հնարավոր չի, որովհետև մեր բանակը կառուցված է ռուսական բանակի չափորոշիչներով ու պատկերացնումներով, որտեղ միշտ էլ՝ սկսած ցարական ժամանակներից, տիրում են նույն բարքերը, որոնք առկա են մեր բանակում կամ ռուսական չափորոշիչներով կառուցված մյուս բանակներում»։

Այդ դեպքում ինչպե՞ս է ինքը պատկերացնում հեղափոխական լուծումը։ Վարդան Հարությունյանը պատասխանեց։ «Ամենակարևոր հարցը պետք է լինի, որ զորակոչի ենթակա երիտասարդները պետք է լինեն 21 տարեկան, որովհետև եթե դու  18 տարեկան դեռ մինչև վերջ չկայացած երիտասարդի ձեռքը տալիս ես ավտոմատ ու կրակելու հնարավորություն, ապա այդ կարգի, այդ տարիքի պատանիների մեջ ծագում են այնպիսի փոխհարաբերություններ ու լարվածություն, որոնք 21-22 տարեկանների մեջ արդեն չեն ծագում, կամ էլ այդ խնդիրները լուծելու համար նրանք այլ ճանապարհներ են գտնում, քան կրակելը»։

21 տարեկան նորակոչիկներով համալրված բանակ ունի, օրինակ, ԱՄՆ-ն։

«Մարդիկ ճանապարհ ու պատմություն են անցել, հասկանում են իրենց երիտասարդի արժեքը, իսկ ռուսական բանակում մարդը երբեք չի ունեցել արժեք, նույնն էլ, ասենք, Միջին Ասիայի, Ուկրաինայի համար է։ Հիմա Ուկրաինայում անցել են ՆԱՏՈ-ի չափորոշիչների, ու կարծում եմ, տարիքային ցենզը նույնպես կբարձրացվի», — ասաց Վարդան Հարությունյանը Forrights.am-ին։ Նման հեղափոխական օրինագիծ Հայաստանում երբևիցե չի առաջարկվել։ «Մոտ ապագայում չի էլ կարող լինել, քանի որ մեր բանակն այլ չափորոշիչներով է կառուցված», — կարծում է իրավապաշտպանը։

Ինչու՞ հենց ինքնասպանությունների վերաբերյալ օրենքի դրույթները խստացնել, երբ հաճախ ինքնասպանություն են որակում սպանությունները։ Հարցին պատասխանելով, իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը  կոշտ բնորոշում տվեց․ «Այս նախագիծը օրինականացնում է այն սպանությունները, որոնք որակվում են որպես ինքնասպանություններ։ Քննչական կոմիտեն կոծկում է սպանությունները։ Կոնկրետ մեր կազմակերպությունը ունի 4 քրեական գործեր, որոնք հարուցված են ինքնասպանության հոդվածով ու ունենք անհերքելի ապացույցներ, որ դրանք ինքնասպանություններ չեն»։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի, ճիշտ կլիներ օրինագիծ առաջարկելիս, ուսումնասիրել քննչական մարմինների աշխատանքը այս գործերով։ Լավ կլիներ ստեղծեին հանձնաժողով, ներգրավելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, զինվորական գործերով փաստաբանների, նրանց կարծիքը հաշվի առնեին նոր շահարկումներից խուսափելու համար»,- համարում է Ալեքսանյանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest