«Ազատությունից զրկման վայրերի հետ կապված խնդիրները բազմաթիվ են: Իհարկե, դրական տեղաշարժեր կան, բայց համակարգային բնույթի խնդիրները բավականին շատ են»,- «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները և ժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ այդ համակարգային խնդիրները բաժանվում են մի քանի մասերի՝ Ոստիկանության համակարգին վերաբերող խնդիրներ, այսինքն՝ ազատությունից զրկված մարդը, երբ տեղափոխվում է ոստիկանության բաժին,  ի՞նչ իրավունքներ ունի և այլն, հոգեբուժարաններում անձի իրավունքների պաշտպանությանը, ՔԿ-ներում, դատարանների խցերում, որովհետև երբ կալանավորը տեղափոխվում է դատարան, նույնպես բազմաթիվ խնդիրներ են առաջանում այդ ընթացքում, նաև տեղափոխվելու ճանապարհին, սկսած նույնիսկ ոստիկանության մեքենաները, որոնցով մարդը տեղափոխվում է ազատազրկման վայր, որովհետև ոստիկանության մեքենան նույնպես իրավական առումով համարվում է ազատությունից զրկման վայր․

« Խնդիրներ կան սկսած սոցիալ-հոգեբանական աշխատանքներից, բժշկական հարցերից, վերաբերմունքից և այլն, բայց ամենակարևոր խնդիրները ՔԿ-նրի հետ կապված բժշկական օգնության և սպասարկման հարցերն են։ Ոստիկանության հետ կապված խնդիրը բերման ենթարկելու պրոցեսում իրավունքների ապահովման հարցը, հոգեբուժարաններում լրջագույն խնդիր է հոժարակամ-հարկադիր բուժումների  հետ կապված հարցերը, երբ մարդիկ ապօրինի հայտնվում են հոգեբուժարաններում, առանց նույնիսկ համաձայնություն ձևական ստանալու շարունակվում են ապօրինի հարկադիր բուժումը»,-ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկներում համար մեկ խնդիրը  բժշկական օգնության, սպասարկման հետ են կապված, նաև ոստիկանության համակարգի  կարևորագույն խնդիր է բերման ենթաչկվելու  պրոցեսում  իրավունքների ապահովման հարցը:

Պատասխանելով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի մասին հարցերին, Արման Թաթոյանն ասաց.  «Մահվան յուրաքանչյուր դեպք, իհարկե, ցավալի է հատկապես քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետությունն ունի անձի կյանքի իրավունքի երաշխավորման պոզիտիվ պարտավորություն: Յուրաքանչյուր դեպքում նախաձեռնել ենք վարույթ, քննարկում, բնականաբար,  իմ կողմից սեփական նախաձեռնությամբ»:

ՄԻՊ խոսքով, համակարգային մի կարևորագույն հարց  կա, որի մասին խոսվում է, սակայն  խնդիրը շարունակում է  մնալ արդիական:

«Կլինի ինքնասպանություն, թե հիվանդության հետևանքով մահվան դեպք, պատշաճ վերլուծության չեն ենթարկվում: Հատկապես ինքնասպանությունները: Հարցն առավելապես սահմանափակվում է  անհատական դեպքերը քննելով և վերջ, մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն,  պատճառները վերլուծվեն, դրան նպաստող պայմանները վերհանվեն, համակարգային  կանխարգելման  միջոցներ ձեռնարկվեն: Սա է կարևորագույն խնդիրը, սակայն մեզ մոտ  ամեն ինչ ընթանում է գլխավորապես անհատական մակարդակով»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ իրենց իրավասության շրջանում շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքը՝ նպաստելով այդ դեպքերի  կանխարգելմանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոնվարի 7-ին և 15-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել են դատապարտյալներ Կարեն Ծաղիկյանը և Վլադիսլավ Մուրադյանը։

Նշենք, որ 2019 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում գրանցել է 20 մահվան դեպք, 5-ը՝ ինքնասպանություն։ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից  մահացել է 6 ազատազրկված անձ, հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3-ական մարդ: Արձանագրենք, որ միայն առաջին երեք ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում արդեն իսկ արձանագրվել էր մահվան 13 դեպք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest