«Ես հիմա, որ քայլում եմ փողոցով, արևի եմ ձգտում։ Դա այդքան օրգանիզմիս պահանջը չէ, ինչքան՝ բնազդ է։ Ես արևի, իր տաքության կարիքն եմ զգում։ Չորս տարի փոքր խցում անցկացնելուց հետո, երևի բնական է նման զգացողությունը, կամ էլ․․․չգիտեմ»։

«Մենք ուղղակի ուզում էինք ունենալ արդար և իրավական երկիր, երկիր, որտեղ մենք մեզ պաշտպանված կզգանք․․․Ընդամենն այդքանը»

39-ամյա Արթուր Վարդանյանը մեզ ներկայացրեց՝ այն մարդկանց թվին է պատկանում, որ կյանքում ոչ մի հանցագործություն չի կատարել․

«Մարդուն պիտակավորելը հեշտ է, երբ դու ունես իշխանություն և լծակներ»։

Արթուր Վարդանյանին Ազգային անվտանգության ծառայությունը «վնասազերծեց» 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Ըստ առաջադրված մեղադրանքի, Արթուրը «2015 թվականի ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել են»։

Արթուրի համար մեղադրանքն անհեթեթ է․

«Իրականում, այս քրեական գործի մեջ ոչ մի հանցագործ չկա։ Այդ բոլոր անձիք ազատամարտիկներ են, ուսանողներ, հասարակ քաղաքացիներ։ Դա ձևավորված խումբ չէ, ուղղակի մարդիկ էին, ովքեր իսկապես մտահոգ էին։ Մենք ոչ թե ինչ-որ զինված գործողությունների էինք գնալու, այլ իրազեկում էինք, թռուցիկներ բաժանում, փորձում մարդկանց հասկացնել, որ Սահմանադրական բարեփոխումները ճիշտ չեն։ Բացի դրանից, ես ինֆորմացիա ունեի, որ 2016 թվականին Արցախի վրա լայնածավալ հարձակում է լինելու, բայց մարդիկ չհավատացին, մեզ բռնեցին, ինձ անվանեցին պարագլուխ, բանդայի ղեկավար․․․Իսկ մեկ տարի անց եղավ Քառօրյան»։

«Հայոց վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը պատերազմական գործողություններին քաջատեղյակ է։ Արթուրի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը, 1992 թվականին արցախյան հերոսամարտին մասնակցել է «Սպիտակ»-ի ջոկատի կազմում, ապա՝ ընդգրկվել Ստեփանակերտի հետախուզական խմբում: 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը: Զոհվել է 1994 թվականին՝ 5 տարի պայքարից հետո։

«Ես ծնվել մեծացել եմ Երևանում, բայց ճակատագրի բերումով 1996 թվականին հեռացել Հայաստանից, ապրել՝ դրսում։ Հայաստանում ապրելու տարբերակ չկար։ Գնացել, ուսում եմ ստացել, ընտանիք կազմել, սակայն, հրաժարվել օտարերկրյա որևէ քաղաքացիությունից։ Ես միայն ՀՀ քաղաքացի եմ, քանի որ պետություն ունենալը, դրա քաղաքացի լինելը մեծ արժեք է,  հայ լինելը՝ մեծ պատիվ։ Եթե սիրում ես քո երկիրը, քո պետությունը, պետք է պայքարես»,- Forrights—ին է ասում Արթուրը։

Նա պայքարի այլ ուղի էր բռնել։ Ցանկանում էր լայնածավալ հարձակումը, եթե ոչ կանխել, ապա գոնե նախապատրաստել նման գործողության։ Արթուրն ասում է՝ եթե Ապրիլյան պատերազմի ժամանակ գոնե մի քանի զինվորի կյանք կարողանար փրկել, արդեն իսկ մեծ գործ արած կլիներ․ «Յուրաքանչյուր զինվորի կյանքը շատ թանկ է»,- ասում է նա։

«Մենք ուղղակի ուզում էինք մարդկանց միջից հանել վախը։ Մենք ուզում էինք անել այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, ուղղակի մեկ տարբերությամբ՝  նույն բանն անել, միաժամանակ տարբեր քաղաքկներում։ Այդ պարագայում ռեժիմն ուղղակի հնարավորություն չէր ունենա սաստելու, չէին կարողանա հիմնվել մի կետի վրա ու փորձել ճնշել։ Մենք ուղղակի ուզում էինք ունենալ, արդար և իրավական երկիր, երկիր, որտեղ մեզ պաշտպանված կզգանք․․․Ընդամենն այդքանը»։

«Դատավորն ինձ ասեց՝ քեզ բաց չեմ թողելու, բոլորն արդեն դուրս են եկել, բայց դու նստելու ես, մինչև վերջ»

Ի տարբերություն գործով անցնող տասնինը մեղադրյալների, որոնց խափանման միջոց կալանքը փոխվեց հեղափոխությունից հետո և փաստացի, նրանք կալանավորված մնացին 2-2,5 տարի,  Արթուրն անազատության մեջ մնաց ավելի քան 4 տարի։ Նրա խափանման միջոցը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Արթուրի առողջական վիճակը վատթարացավ, ինչին արձագանքեց նաև ՄԻՊ-ը․

«Նույնիսկ հիվանդ, կիսամեռ վիճակում մարդիկ հրաժարվում էին ինձ ազատություն տալ։ Ես արյուն էի հետ տալիս, ես 22 օր հաց չէի կերել, ջուր չէի կարողանում խմել։ Իմ մաշկն անապատի հողի պես ճաքում էր, ջրազրկվել էի։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն իրար հետևից մերժում էր իմ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները, անգամ՝ պատգամավորների անձնական երաշխավորությունը հաշվի չէր առնում։ Հետո այդ դատավորին տեղափոխեցին Վերաքննիչ․ երևի իմ գործի շնորհիվ էին պաշտոնը բարձրացրել»։

Առողջական վիճակի վատթարացման պատճառով Արթուրին մի քանի անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արթուրին անձամբ զննել է տնօրեն Արա Մինասյանը։ Արյուն փսխող, թույլ, վատ վիճակի մեջ գտնվող Արթուրին Մինասյանը տալիս է ախտորոշում՝ կալանավորի մոտ ամեն ինչ նորմալ է․

«Այդքանից հետո էլ շարունակելու բան կա՞ իմ խոսքի մեջ․․․Ինձ թվում է՝ ոչ»։

Ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու Արթուրին պահել անազատության մեջ։ Ինքը՝ Արթուրը, դժվարացավ այս հարցին պատասխանել։ Միայն նշեց՝ սա ոչ թե անտարբերության հետևանք էր, այլ քաղաքական ցանկություն։

«Մի անգամ, երբ իմ խափանման միջոցն էր քննվում, դատավոր Բեկթաշյանն ինձ ասեց՝ քեզ բաց չեմ թողելու, բոլորն արդեն դուրս են եկել, բայց դու նստելու ես, մինչև վերջ»։

«Բանտում սպառնացին մորթել և վերացնել ընտանիքիս»

Դատաքննության փուլում՝ կալանքի տակ, շուրջ 2 տարի 6 ամիս Արթուրը զրկված է եղել ընտանիքին տեսակցելու, նրանց հետ հեռախոսազրույց ունենալու հնարավորությունից։ Սահմանադրական իրավունքի նմանօրինակ խախտումը չէր բացատրում ոչ քննչական մարմինները, ոչ էլ Քրեակատարողական ծառայությունը․

«ՔԿՀ-ի մարդիկ ասում էին՝ քեզ տեսակցելը, բաց թողնելը շահավետ չէ։ Շատ ժամանակ ինձ ասում էին՝ դու փտելու ես բանտում, ես ասում էի՝ ինչքան դուք կմնաք ձեր աթոռներին, այդքան էլ ես կնստեմ բանտում»։

Երբ, ի վերջո հանվեց հեռախոսազրույց ունենալու արգելքը, Արթուրին թույլատրեցին խոսել միայն կնոջ հետ․

«Եղել է դեպք, երբ ես բարձրախոսը միացրել եմ, որ փոքր աղջիկս պապայի ձայնը լսի հեռախոսով, ՔԿՀ-ում անջատել են հեռախոսը, ուղղակի անջատել»,- հիշում է Արթուրի կինը՝ Աշխեն Սումբուլյանը։

Դատաքննության ընթացքում սպառնալիքներից զերծ չէր մնացել նաև նրա ընտանիքը։ Արթուրը երեխաներին այլ երկրի քաղաքացիություն հանելու մտադրություն ունեցավ, երբ բանտում սպառնացին «մորթել և վերացնել» ընտանիքը․

«Վտանգավոր իրավիճակ էր։ Ես դուրս գալու հնարավորություն չունեի, կապ չկար ընտանիքիս հետ, իսկ երեք երեխաներս փոքր էին։ Ես այլ տարբերակ չունեի»,- ասում է Արթուրը։

«Ինչ-որ բանի հասնելու համար միշտ պետք ա ինչ-որ բան զոհաբերես»

Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքն ի վերջո փոխարինվեց, երբ փոխվեց գործը քննող դատավորը։Դատավոր Մեսրոպ Մակյանը սեպտեմբերի 14-ին գործով անցնով վերջին ազատազրկվածին՝ Արթուր Վարդանյանին 1 միլիոն գրավի դիմաց ազատ արձակեց։ Դատարանի այս որոշումը Գլխավոր դատախազության սրտով չէր․ վերջինս որոշումը բողոքարկեց սկզբից Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, սակայն, վերադաս դատարաններն Առաջին ատյանի որոշումը չբեկանեցին։

Այսօր քրեական գործով նոր քննություն պետք է սկսվի՝ դատավորի փոխվելու պատճառով։ Արթուրն այսօր ազատ է, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում լիարժեք վայելել այդ ազատությունը։

Ափսոսո՞ւմ է 5 տարի առաջ տեղի ունեցածի համար։ Արթուրը կտրուկ պատասխանում է՝ ո՛չ․

«Ես ոչ մի անգամ ոչ մի բանի համար չեմ ափսոսացել, բայց նաև հասկանում եմ, որ շատ բան եմ կորցրել։ Ընտանիքիս խաղաղությունը, հոգեկան և ֆիզիկական շատ մեծ խնդիրներս, երեխաներիս՝ առանց ինձ մեծանալը։ Եթե ես կորցրած համարեմ, կնշանակի, որ բանտում իզուր եմ ապրել։ Ինչ-որ բանի հասնելու համար միշտ պետք ա ինչ-որ բան զոհաբերես»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest