«Որ ասում են՝ արդարությունը վերականգնվեց, ես այդպես չեմ կարծում։ Սա ուղղակի փաստ էր, որ արձանագրվեց։ Քանի դեռ բոլոր մեղավորները պատասխան չեն տվել, անդարության մասին խոսելն անիմաստ է»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանի աղջիկը՝ Տաթևիկ Այվազյանը։

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանն օրեր առաջ արդարացվեց և անմեղ ճանաչվեց։ Որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը, իսկ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թթ. ընթացքում կայացված դատավճռի դեմ բողոք ներկայացրել՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Սմբատ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ կրելու համար, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008 թվականի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ։ Ըստ մեղադրանքի, նա չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասովև դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և երկու տարվա ազատազրկման։

«ՀՀ վճռաբեկ դատարանի հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում»,- նշում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ Դատախազության, խախտվել է Մարդու եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը:

«Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները»։

Սմբատ Այվազյանի գործով ՄԻԵԴ բողոք է ներկայացվել դեռ 2011 թվականին։ Ընտանիքը հենց այդ որոշմանն էր սպասում, երբ հայաստանյան դատական համակարգն արդարացրեց Այվազյանին․

«Այս անգամ մեր իրավապահ մարմիններն ավելի արագ գործեցին,- արձանագրում է Տաթևիկ Այվազյանը և հավելում,- չնայած, իշխանափոխությունից հետո ոչ ոքի մոտ կասկածի տեղիք չէր տալիս, որ նման որոշում կլինի»։

Տաթևիկը հիշում է՝ իրենց ընտանիքի նկատմամբ հետապնդումներ և ճնշումներ սկսել են դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո և շարունակվել մինչև 2008 թվականի դեպքերի զարգացումները։ Այվազյան ընտանիքն այդ հոգեբանական ճնշումները տարիներ շարունակ զգացել է տարբեր բնագավառներում․

«Մի քանի անգամ խուզարկություններ են տեղի ունեցել մեր բնակարանում, հետապնդում է եղել անգամ հորեղբորս նկատմամբ։ Պապայիս իրենց աչքի տակ էին առել հոկտեմբերի 27-ից հետո, սակայն, ուզում եմ հայտարարել, որ այն պաշտոնական անձիք, որոնք երբևէ զբաղվել են հորս գործերով, չափազանց հարգանքով են վերաբերվել նրան։ Պապայիս նկատմամբ ծեծ կամ խոշտանգում չի եղել, դա, ըստ իս, ոչ թե կապված է եղել որևէ հրամանի հետ, այլ հայրիկիս հանդեպ հարգանքի»,- նշում է Տաթևիկը։

Բանտից դուրս գալուց հետո Սմբատ Այվազյանի մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվում։ Տարիներ շարունակ բուժում ստանալուց հետո, 55 տարեկան հասակում Ֆրանսիայում մահանում է Այվազյանը։ Տաթևիկը համոզված է՝ հոր ծանր հիվանդությունը հոգեկան ապրումների հետևանքն է եղել․

«Չկապել այդ հետապնդումների հետ՝ անհնար է։ Տարիներ շարունակ հետապնդվելը, հոգեբանական ճնշումների ենթարկվելը, այնուհետև ազատազրկվել, բանտում անցկացրած տարիների ապրումներն անհետևանք մնալ չէր կարող»,- ցավով ասում է Սմբատ Այվազյանի դուստրը։

Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2009 թվականի հունիսին համաներմամբ ազատ էր արձակվել:

Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Forrights-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ արդարացման գործընթացը շատ է դանդաղում։ Ըստ նրա, մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ պետք է տասնյակ արդարացումներ ունենայինք․

«Ես կարծում եմ, որ այս ժամանակի ընթացքում մենք պետք է այս խնդիրը լուծած լինեինք։ Մենք ունենք այդ պայմանավորվածությունը Դատախազության հետ։ Տրամաբանական է, երբ ապօրինի դատական ակտերով դատապարտված անձիք ինչ-որ մի պահի սկսում են արդարացվել։ Ակնհայտ է, որ 2008 թվականի բոլոր դատավարություններն ունեցել են քաղաքական կոնտեքստ։ Ռեժիմի տապալումից հետո, բնական էր, որ անօրինական դատական ակտերով դատապարտված մարդիկ պետք է արդարացվեին։ Հուսով եմ, որ մյուս տարի մենք այլևս ոչ մի անպօրինի, շինծու քրեական գործով դատապարտված անձ՝ մարտիմեկյան կոնտեքստում, չենք ունենա»,- հույս հայտնեց Խաչատրյանը։

Նշենեք, որ մարտիմեկյան գործի շրջանակներում դատապարտվել է 115 անձ։ Նրանց առաջադրվել է տարբեր աստիճանի ծանրության հոդվածներ՝ սկսած խուլիգանությունից մինչև կավատություն և զանգվածային անկարգության կազմակերպիչներ։ Դատախազության հետ հանդիպումից մեկուկես տարվա ընթացքում մարտիմեկյան կոնտեքստում արդարացվել է 3 անձ՝ Գագիկ Ջահանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և Սմբատ Այվազյանը։

«Նրանք բոլորը տեղավորվում են 2008 թվականի քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ»,- հավելում է Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ մարտիմեկյան կոնտեքստում առաջին քրեական գործը հարուցվել է 2007 թվականի հոկտեմբերի 13-ին, երբ ոստիկանները խոչընդոտեցին իրազեկող խմբին և բռնություն գործարեցին նրանց նկատմամբ։ Հարուցվեց քրեական գործ, սակայն, մեղադրանք առաջադրվեց իրազեկող խմբի անդամներին՝ Շողեր Մաթևոսյանին, Գոհար Վեզիրյանին, Նիկոլ Փաշինյանին և այլոց։  Այդ գործով վերջին վճիռը կայացվեց 2010 թվականին՝ դատապարտվեց Նիկոլ Փաշինյանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest