22 ցմահ դատապարտյալ, պատժի կրման փակ ռեժիմից տեղափոխվել է կիսափակ, իսկ 3-ը կիսաբաց ռեժիմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Ըստ Գոյունյանի՝ այս պահին ՔԿՀ-ներում 2230 անձ կա, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը դատապարտյալ։  Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ համակարգի համար խնդրահարույց հարցերից մեկը՝ ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։

«Քրեակատարողական ծառայությունը կազմված է 2183 հաստիքանին միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում, մնացած 1983-ը՝ ՔԿՀ-ներում։ Այսօրվա դրությամբ 140 թափուր հաստիք կա»,- նշեց Գոյունյանը։

Արթուր Գոյունյանը նշեց, որ ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել գումարի որոշակի դրույքաչափեր.

 «Օրինակ, հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավելի կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դեպքում՝ 300 դոլար, դրույքաչափեր են եղել սահմանված նաև մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար՝ 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 դոլարի սահմաններում։ Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը նկատեց, որ  քրեական ենթամշակույթի դեմ օրենքի ընդունումը բողոքի ալիք էր բարձրացրել քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը նշեց, որ իր համար «զոն նայող», «գող» հասկացողություն չկա և միայն օրենքի ընդունմամբ արդյունավետ պայքար հնարավոր չէ տանել․

«Գողական աշխարհ կոչվածը անհանգիստ շարժումներով ընդունեց «Քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենքի ընդունումը, որովհետև դա իրենց շահերին էր առնչվում։ Գողականները շատ վատ էին տանում, փորձեցին հրահրել անհնազանդություն, բայց այդ ամենը կանխվեց։ Հրազդանում տեղահան էին արել բանտախցի դուռը՝ ուղղորդված, իրենց լեզվով ասած, «պրագոն» էին հրահրել, «Նուբարաշենում» դրսից կատարված հրահանգներով հարվածում էին դռներին, կոտրում, հրդեհ եղավ, որը մարվեց։ Հարուցված են քրեական գործեր և նախաքննություն է ընթանում։ Մենք տեղներս նստած չենք մնում՝ միջոցառումների ծրագրեր ենք մշակում»,- ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը վստահեցնելով, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ նման բարքերին։

Արթուր Գոյունյանի կարծիքով, քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարել միայն օրենսդրական փոփոխություններով, հնարավոր չէ, ուստի պետք է բարձրացնել նաև ՔԿՀ-ների ծառայողների աշխատակիցների աշխատավարձերը, պետք է բարելավվեն շենքային պայմանները, հոգեբանական ծառայությունները լուրջ խնդիր ունեն կատարելու՝ կազմեն ուղղման անհատական պլան ամեն դատապարտյալի մասով։

«Արմավիրում, որտեղ 750 անձ է պահվում, ունենք ընդամենը երեք հոգեբան, որոնք տուն էլ չգնան, չեն հասցնի։ Ինքնասպանության հակում ունեցող անձի հետ հոգեբանները աշխատանք են տանում»,- նշեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Ըստ Գոյունյանի՝ իր տեսլականն ու վերջնական նպատակն այն է, որ ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ․

«Պատժողական քաղաքականությունից պետք է անցում կատարենք վերականգնողական արդարադատության»,-ասաց նա։

2019 թվականի ընթացքում Քրեակատարողական հիմնարկներում գրացվել է 18 մահ, որոնցից 5-ը ինքնասպանություն են գործել։

 «Հիմնականում իրենց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿԾ-ով։ Հինգ դեպքերը կարճվել են՝ հանցադեպի պատճառով։ Մեկը եղել է պարսկահայ, որը գրություն է թողել՝ խնդրելով որևէ մեկին չմեղադրել, մյուս կալանավորը եղել է անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվող անձ։ Ինքնասպանության համար պայմաններ է ստեղծում նաև զբաղվածության չապահովումը։ Իմ առաջ խնդիր եմ դրել, որ առաջիկայում լուծվի դատապարտյալների զբաղվածության հարցը»։

Ըստ Արթուր Գոյունյանի՝ Նուբարաշեն և դատապարտյալների հիվանդանոց ՔՀԿ-ները լուծավելու են և  Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում մոտ 10 հեկտար տարածքում կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր հիմնարկ, որն ունենալու է նաև առանձին ստացիոնար հիվանդանոց։

«Նախնական աշխատանքները, որոնք կարժենան մոտավոր 417 մլն դրամ, կիրականցվեն հաջորդ տարի։ Կա պայմանավորվածություն և կառավարությունը գումարը կհատկացնի։ Նախատեսում ենք նաև «Կենտրոն» ՔԿՀ-ն տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածք, որպեսզի ԱԱԾ վարչական շենքի հետ կապված բոլոր շահարկումները այսուհետ չեղարկվեն։ Այդ նպատակով տրամադրվելու է 3.8 մլրդի չափով։ «Հրազդան» ՔԿՀ-ն նույնպես նախատեսվում է լուծարել և փոխարենը մոտ 7 հեկտարի վրա տեղակայված ներկայիս «Աևան» ՔԿՀ-ի հարևանությամբ կառուցել նոր հիմնարկ։ «Գորիս» ՔԿՀ-ն նույնպես նախատեսված է լուծարել, արդեն իսկ ավարտվել են նախագծման աշխատանքները, և Խնձորեսկում նախատեսված է կառուցել նոր ՔԿՀ»,- նշեց Արթուր Գոյունյանը։

ՀՀ Քրեակատարողական ծառայության պետի խոսքով, նախատեսվում է նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կառուցվի ժամանակակից օդափոխության և ջեռուցման համակարգ, ինչի համար արդեն իսկ մոտ 10 մլրդ դրամ ծախսվել էր։

«Արմավիր» ՔՀԿ-ի երկարատև տեակցության 10 սենյակներից 2-ը նորմալ կահավորված են եղել և հարմարեցվել են «զոն նայողների» պահանջներին։ Գոյունյանի խոսքով, հավասար պայմաններ ստեղծելու համար, իրենք դիմել են կառավարությանը, որպեսզի մյուս սենյակներում ևս նմանատիպ պայմաններ ստեղծվեն։

«Մինչև նոր տարի նախատեսում ենք այդ սենյակները կահավորել և անհրաժեշտ պայմաններով ապահովել»

Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Աշխատանքների կատարման համար ծախսվելու է 35 մլրդ դրամ։

Ըստ Գոյունյանի՝ 12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում, օպերատիվ և անվտանգության  ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցների․

«Նրանցից մեկը պահպանության բաժնի աշխատակից է, որը իր հետ «Արմավիր» ՔԿՀ է բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝  «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբ, «Սուբուտեքս» փշրանք, մեծ քանակությամբ մարիխուանա, որպեսզի փոխանցի դատապարտյալներին և կալանավորներին, եղել է մեր մշտադիտարկման տակ, բռնվել է դեպքի վայրում, իսկ մյուսը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է, որտեղ միջոցառումն իրականացվել է ԱԱԾ-ի հետ համատեղ։ Այստեղ անվտանգության բաժնի աշխատակիցն է իր հետ ներս բերել «Սուբուտեքս» տեսակի 2 հոգեմետ դեղահաբեր և տեղում բռնվել է։ Այսօր գիշերը «Սևան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել ներնետման չհաջողված փորձ, մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել»,-մանրամասնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

 Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest